Գյումրիում մեկնարկեց դասական երաժշտության փառատոն

Գյումրիում մեկնարկեց դասական երաժշտության փառատոն

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցրերի բաժնի նախաձեռնությամբ, Գյումրիում մեկնարկեց «Արթ Շաբաթ» խորագրով դասական երաժշտության փառատոնը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փառատոնն անցկացվում է առաջին անգամ՝ դասականը տարածելու գաղափարի շուրջ համախմբելով Գյումրիում գործող բոլոր երաժշտական ու արվեստի դպրոցների, ինչպես նաեւ Հայորդաց տան, երաժշտական ուսումնարանի ու ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի երաժիշտ կատարողներին ու խմբերին: Միջոցառումը հարթակ է երիտասարդ ու սկսնակ արտիստների համար: Փառատոնին մասնակցում է ավելի քան 200 սկսնակ արվեստագետ:

«Գյումրին նաև դասական երաժշտության քաղաք է ու չէր կարող մշակութային մայրաքաղաքը չունենալ դասական երաժշտության փառատոն ու նման փառատոնի բացը կար: «Արթ Շաբաթ»-ը համագործակցության յուրատեսակ ձեւաչափ է, որը նպատակ ունի մի կողմից բացահայտելու դասական արվեստի նոր անուններին ու վերջիններիս տրամադրել ինքնաներկայացման ևս մեկ հարթակ, մյուս կողմից նպաստելու դասական երաժշտության հանրահռչակմանը: Փառատոնը մրցութային չէ: Փառատոնի միակ չափորոշիչը բարձրորակ դասական երաժշտության հնչեցումն է»,– «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Լիլիթ Թովմասյանը՝ տեղեկացնելով, որ մինչ փառատոնի մեկնարկը լսումներ են եղել բոլոր երաժշտական դպրոցներում, հաշվի է առնվել մասնագետների կարծիքը: «Սա նաև յուրօրինակ ստուգատես է երաժշտական ու ուսումնական հաստատությունների համար»,-հավելեց պատասխանատուն:

«Արթ Շաբաթ» փառատոնի շրջանակներում հունիսի 24-ից 30-ը դասական արվեստի սիրահարների մուտքը քաղաքի դահլիճներ ազատ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում