Բողոքի ակցիա. «Ոստիկանները երեխեքին ջարդելով շենքից դուրս են հանել»

Բողոքի ակցիա. «Ոստիկանները երեխեքին ջարդելով շենքից դուրս են հանել»

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Եղվարդի հանրակացարանից դուրս հանված բանկիչներն այս պահին կառավարության շենքի դիմաց են, պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում։

«Փաշինյանին ձայն ենք տվել տնով-տեղով, թող գա, հանդիպենք, անձամբ մեր հարցը լուծի»,-ասաց ակցիայի մասնակիցներից Ա. Խաթունյանը։

Երևան հասած եղվարդցիները նյարդայնացած են։ Պատմում են, որ հունիսի 25-ի առավոտյան ոստիկանները մտել են հանրակացարան, ուժով դուրս հանել ներսում գտնվող բնակիչներին, ասում են նաև բռնություն են կիրառել իրենց նկատմամբ։

«Գնացել ենք աշխատանքի, եկել մտել են, երեխաներին քաշքշել»,-ասում են նրանք։

Երեխաներից մեկը՝ Ալիսա Ազիզբեկյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, պարապմունքի գնալու ճանապարհի կեսից տուն է վերադարձել, տեսել է մի խումբ ոստիկաններ։ Իրեն էլ քաշքշել են, թույլ չեն տվել իրենց բնակարան մտնել։

«Ծեծում էին ժողովրդին, բերեցին երկաթներ դրեցին, մուտքը փակեցին։ Կոտրել են դռները, գումար են տարել, նաև անձնագիր, խառնել են իրերը»,-պատմեց նա տեսածը։

Հանրակացարանի սենյակներում տարիներ շարունակ ապրողներին տեղեկացրել են, որ շենքը սեփականատեր ունի և պետք է դուրս գան այնտեղից։ Քաղաքացիներին հասած տեղեկություններով, սեփականատիրոջ անունը Գուրգեն Զաքարյանն է։

Ակցիայի մասնակից Վարսենիկ Աբգարյանն ասում է, հանրակացարանում ապրող ընտանիքները բազմազավակ են, նրանց մեծ մասը հաշմանդամություն ունեն, ապրում են աղքատ պայմաններում։ Իր ընտանիքն էլ բազմազավակ է, առողջական խնդիրներ ունի ամուսինը, նաև երեխաները։

«Երեխեքին ջարդելով, լացելով, շենքից դուրս են հանել»,-ասում է նա։

Հանրակացարանի բնակիչների խոսքով, ոստիկաններն ասել են գործում են Փաշինյանի գիտությամբ, ասում են, չեն հավատում։ Նշում են՝ տարիներ շարունակ աշխատել են, բնակարանները սարքել են, գումար են ծախսել, հիմա ո՞ւր են գնալու, ի՞նչ են անելու։

Բնակիչները պնդում են, ոստիկանների գործողությունների վերաբերյալ տեսանյութեր ունեն, նրանց գործողություններից տուժածների համար նույնիսկ շտապօգնություն են կանչել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում