Նոր սկանդալ` ԵՊՀ-ում. Վահագն Վարագյանը չի հաստատում, բայցև ոչինչ չի բացառում

Նոր սկանդալ` ԵՊՀ-ում. Վահագն Վարագյանը չի հաստատում, բայցև ոչինչ չի բացառում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Վերջին շրջանում լրատվամիջոցներում շրջանառվող այն լուրը, համաձայն որի` շուտով կլուծարվի ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը, կարծես թե, հաստատվում է։ Մամուլն արդեն գրել է, որ այս ուրբաթ տեղի է ունենալու ԵՊՀ խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում նաև այդ հարցն է։ Ըստ նույն տեղեկությունների, Կենտրոնի լուծարման հիմնական նպատակը դրա տնօրեն Վահագն Վարագյանին աշխատանքից հեռացնելն է։

Մամուլում առկա տեղեկությունների իսկությունը պարզելու նպատակով Аysor.am-ի թղթակիցը զրուցել է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանի հետ, ով նշել է, որ ԵՊՀ խորհուրդն իսկապես քննարկելու է իր ղեկավարած կենտրոնի լուծարման հարցը։

Մեր ճշտող հարցին, թե արդյոք նա այդ փաստը չի կապում իր կուսակցական պատկանելության հետ, Վարագյանը պատասխանեց.

«Այս պահին ես զերծ կմնամ քաղաքական գնահատականներից։ Պետք է սպասել խորհրդի նիստին, հասկանալ, թե ինչ պատճառներ և շարժառիթներ են ներկայացվում նման որոշման համար։ Ես դեռ չգիտեմ՝ կընդունվի Կենտրոնը փակելու մասին որոշում, թե ոչ։ Ամեն դեպքում, մի քիչ դժվար է պատկերացնել, որ համալսարանը կարող է վերածվել քաղաքական հաշվեհարդարի վայր»։

Նշենք, որ մամուլում լուրեր են հրապարակվում նաև այն մասին, որ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի որոշ աշխատակիցներ ԵՊՀ Խորհրդի հիշատակված նիստին ընդառաջ հրավիրվում են ոստիկանական և քննչական տարբեր բաժանմունքներ։

Մեզ հետ զրույցում կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը հաստատեց նաև այս լուրը։

«Այո, մեր աշխատակիցներն, իսկապես, հրավիրվել են քննչական մարմիններ, սակայն մինչ այս պահը մենք չգիտենք, թե ո՞րն է դրա պատճառը։ Լրատվամիջոցներում գրված է, որ իրավապահները քննում են ԵՊՀ պատկանող անշարժ գույքի օտարման վերաբերող խնդիրներ։ Բայց չեմ կարծում, թե մեր աշխատակիցներին այդ գործով են կանչել, որովհետև նրանք չէին կարող որևէ առնչություն ունենալ նշված հարցի հետ։ Այս հարցում նույնպես ստիպված ենք համբերատար լինել և սպասել քննչական գործողությունների սկզբին՝ հասկանալու, թե որն է խնդիրը»։

Վարագյանը դժվարացավ պատասխանել նաև այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ ՀՀ իրավապահ մարմինները նման կերպ փորձում են ճնշել իր աշխատակիցներին. «Ես չեմ հաստատում, բայց նաև ոչինչ չեմ բացառում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում