ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության քվեարկությունից հետո ռուս գործընկերներին պարզաբանումներ է տրվել

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության քվեարկությունից հետո ռուս գործընկերներին պարզաբանումներ է տրվել

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: «Մեր դիրքորոշումը սկզբունքային է․ Եվրոպայի խորհրդի հիմնարար արժեքներից է, որ նրա անդամ պետությունները պետք է ունենան ձայնի իրավունք ու բոլոր հարցերը քննարկվեն ԵԽԽՎ-ում»,- այսօր այս մասին հայտարարեց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ շեշտելով, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական որոծումն է եղել՝ աջակցել ՌԴ պատվիակների ԵԽԽՎ վերադարձին։

ԵԽԽՎ ամառային նստաշրջանից հետո մամուլի ասուլիսին ներկա չէր ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, ում դեմ քվեարկությունը բելգիացի պատգամավոր Պետրա Դե Սուտերի՝ ՌԴ պատվիրակների ԵԽԽՎ վերադարձի վերաբերյալ զեկույցին դարձել էր քննարկման առարկա։ Պատվիրակության անդամ Տաթև Հայրապետյանն ասաց, որ Ռուբինյանի բացակայությունը պայմանավորված է Լեհաստան գործուղմամբ։

Իսկ թե ինչու էր պատվիրակության ղեկավարը դեմ քվեարկել, պատգամավորները բացատրեցին տեխնիկական ու մարդկային գործոնով, նշելով, որ զեկույցի նախագծին ներկայացվել էր 200-ից ավել փոփոխություններ, որոնց դեմ են քվեարկել ու ընդհանուր զեկույցի քվեարկությունը եղել է շատ ակնթարթորեն։ Նշվեց, որ սխալ քվեարկություն է կատարել նաև Լեհաստանի պատվիրակը, որը կողմ է եղել փոփոխություններին և վերջում բանաձևին է կողմ քվեարկել՝ դեմ լինելով։

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Հովհաննես Իգիթյանը, խոսելով զեկույցի քվեարկությանն իր չմասնակցության մասին, ասաց, որ Պետրա Դե Սուտերի բանաձևը կանոնակարգի փոփոխության վերաբերյալ էր, որը վերաբերում էր նրան, որ պատվիրակությունները պետք է իրավունք ունենան մասնակցել աշխատանքներին։Իգիթյանը նշեց, որ մեկնաբանություններ կային, որ այն թույլ է տալիս նախկինում կոռուպցիոն գործարքների պատճառով պատժամիջոցների տակ գտնվող անդամների նկատմամբ վերացնել այդ պատնեշը։

«Խոսքը անուղղակի էր վերաբերում Ռուսաստանին և պետք է հասկանանք, որ այս փոփոխությունը մեկ իրավիճակի համար չէր, այլ դառել է ԵԽԽՎ կանոնակարգ»,- ասաց Իգիթյանը, հավելելով, որ պետք էր նայել, որ նախկինում իրենց արարքների համար պատժամիջոցների տակ գտնվողների նկատմամբ, մոտ 13 պատգամավոր, որոնք մինչև կյանքի վերջ զրկվել են ԵԽԽՎ անդամ լինելու իրավունքից չտարածվեր որոշումը, ու իրենք հետևում էին, որ նման մեկնաբանություններ չլիներին, որի պատճառով էլ տեղում չի եղել ու չի սեղմել կոճակը։

Ռուսաստանի պատվիրակությանը ներկայացված պարզաբանումների հետ կապված Տաթև Հայրապետյանը նշեց, որ այո, իրենք ռուս գործընկերներին բացատրել են, որ տեխնիկական խնդիր է եղել և իրենք կողմ են եղել բանաձևին։

Հարցին, թե նման կարևոր հարցում պատվիրակության ղեկավարի սխալը կարող է հանգեցնել փոփոխության, Տաթև Հայրապետյանը կտրուկ պատասխանեց, որ ոչ, քանի որ առկա է եղել մարդկային գործոնը։

Տաթև Հայրապետյանը շեշտեց, որ իրենց դիրքորոշումն այն է, որ ԵԽԽՎ-ն չի կարող դառնալ հակառուսական կառույց, չեն կարող լինել հակառուսական ելույթներ ու չհնչեն պատասխաններ։

Նաիրա Զոհրաբյանը ևս նշեց, որ մասնավոր զրույցներում ռուս պատգամավորներին հետաքրքիր էր քվեարկության պատկերը, թե ինչու այդպես եղավ, սակայն այն ոչ թե պարտադրանքի կամ ռազբորկայի խնդիր է եղել, այլ պարզաբանման։

Հովհաննես Վարդանյանը ասաց, որ քվեարկությունից հետո իրեն է մոտեցել Ուկրաինայի պատվիրակն ու ասել, թե ինչպես կարդարանաք քվեարկության համար։

«Ես ասացի, որ մենք առաջնորդվում ենք ինքնիշխան հավասարության սկզբունքով և որևիցե մեկը պատվիրակությանը չի կարող ասել՝ ինչպես քվեարկել»,- ասաց Վարդանյանը։

Հովհաննես Վարդանյանը, խոսելով Դե Սուտերի զեկույցի մասին, ասաց, որ ներկայացված փոփոխությունների նպատակն էր լցնել օրակարգը և եթե այն գիշերվա 12․00-ից անցներ, օրը փոխվեր, ապա հարցը կհամարվեր մերժված։ Սակայն նիստը նախագահողը նման տեսակետ չուներ։

Հովհաննես Վարդանյանը, զարմանք հայտնեց, որ ՀՀ լրատվամիջոցները ուշադրություն չեն դարձնում ԵԽԽՎ-ում հնչեցված բովանդակային ելույթներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում