Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ, քանի դեռ ռեալ հանգամանքներով չի հաստատվել, որ նա խոչընդոտում է քննությանը. Արամ Օրբելյան

Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ, քանի դեռ ռեալ հանգամանքներով չի հաստատվել, որ նա խոչընդոտում է քննությանը. Արամ Օրբելյան

Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը ընտրելու որոշումից հետո էական փաստական հանգամանքներ են փոխվել, և հայտնի է, որ Քոչարյանը, 20 օր անազատության մեջ մնալով, չի խոչընդոտել քննությանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը։

Նրա խոսքով՝ պետք է գնահատել մի քանի հանգամանք, մասնավորապես, այն, որ Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի դիմումը 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը լուծելու վերաբերյալ, ինչպես նաև դատախազության կողմից դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը։

«Դատական այս փուլը կանոնակարգված չէ և մենք բազմիցս այդ հարցը բարձրացրել ենք՝ այս ամենը առաջացնում է պարոն Քոչարյանի արդար դատաքննության իրավունքի խախտում, որովհետև չկանոնակարգված դատական գործընթացներում անձը չի կարող ունենալ արդար դատաքննություն», – ասաց Օրբելյանը։

Նրա խոսքով՝ չգիտես՝ ինչու բոլորը կարծում են, թե դատական գործի քննության ժամանակ Ռոբերտ Քոչարյանը պետք է լինի անազատության մեջ։ Մինչդեռ պաշտպանական խումբը այդ կարծիքին չէ. «Մենք գտնում ենք, որ հակառակը, պարոն Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ և գործը պետք է մտնի դատական քննություն, քանի դեռ ռեալ հանգամանքներով չի հաստատվել, որ Քոչարյանը խոչընդոտում է, միջամտում է քննությանը»։

Օրբելյանը ընդգծեց, որ նախաքննության ընթացքում եղել է ժամանակահատված, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվել է ազատության մեջ, սակայն որևէ փաստով չի հաստատվել, որ նա խոչընդոտում է քննությանը։ Դատախազությունը, ըստ նրա, ընդամենը տեսական կասկածներ է հայտնում այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է միջամտել քննությանը, ճնշում գործադրել գործով անցնող վկաների վրա։

«Միշտ կարող ենք ասել, որ տեսական հնարավորություն կա։ Դատախազության տրամաբանությամբ՝ ցանկացած բարձրաստիճան նախկին պաշտոնյայի նկատմամբ ցանկացած քրեական գործի դեպքում էլ կալանավորելու հարց չպետք է քննարկել ու նրան անմիջապես կալանավորել, որովհետև նա ազդեցիկ է ու կարող է ազդել գործի մասնակիցների վրա։ Հիմա մենք ասում ենք՝ կան հակառակը հաստատող փաստեր», – նկատեց Արամ Օրբելյանը։

Մյուս կողմից, ըստ փաստաբանի, պետությունը ունի պարտավորություն իր վկաներին պաշտպանել, եթե ունի մտավախություններ, որ մեղադրյալը տեսականորեն կարող է ազդել նրանց վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում