Ռոբերտ Քոչարյանի աջակիցները կառավարության շենքի դիմաց պահանջում են նրան կալանքից ազատ արձակել

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները կառավարության շենքի դիմաց պահանջում են նրան կալանքից ազատ արձակել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Մինչ կառավարության շենքի ներսում ընթանում է գործադիր մարմնի հերթական նիստը, շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները։ Նրանք պնդում են՝ Քոչարյանը կալանավորված է ապօրինի կերպով, և պահանջում են, որ ազատ արձակվի։

«Կալանքի հիմքերից որևէ մեկը որևէ դատարան, որևէ դատախազ անցած մեկ տարվա ընթացքում չի կարողացել հիմնավորել։ Փաստ է, որ նախագահ Քոչարյանը գտնվելով ազատության մեջ որևէ անգամ չի խուսափել քննությունից, չի խոչընդոտել արդարադատության իրականացմանը, չի եղել նման փորձ։ Մինչդեռ իշխանությունների ճաշակով ու տրամաբանությամբ գործող դատարանները չեն ցանկանում համակերպվել այդ մտքի հետ»,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նա ընդգծեց, Հայաստանի քաղաքացիներից, այդ թվում իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկն ապահովագրված չէ իր նկատմամբ հնարավոր դատական պրոցեսից, իսկ այդ պրոցեսը պետք է իրականացվի արդար դատարանի կողմից։

«Անձը կալանավորվում է միայն այն բանի համար, որ ինչ-որ նեղ շրջանակներ դա ցանկանում են։ Ես ասում եմ՝ գտնվելով ազատության մեջ Քոչարյանը չի խուսափելու քննությունից, բայց ի տարբերություն դատախազների ու դրանց միջնորդությունը արտատպած դատարանի, ես իմ կարծիքը կարող եմ հիմնավորել»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ Քոչարյանն ինքնակամ է ներկայացել դատարան ու իրավապահ մարմիններին, երբեք չի ընդդիմացել «խայտառակ որոշումներին» ու չի խանգարել քննությանը։

Բողոքի ակցիայի մասնակիցները իրենց ձեռքում պահել են Ռոբերտ Քոչարյանի լուսանկարները՝ «Իմ հերոսը պետք է լինի ազատության մեջ» գրություններով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում