Եթե սահմանադրության տեքստը լի է հակասություններով, դրա մեկնաբանությունը դառնում է ռուսական ռուլետկա. Օտտո Լյուֆթենհանդ (Տեսանյութ)

Եթե սահմանադրության տեքստը լի է հակասություններով, դրա մեկնաբանությունը դառնում է ռուսական ռուլետկա. Օտտո Լյուֆթենհանդ (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: «ՀՀ Սահմանադրություն. կարմիր և կանաչ գծեր» թեմայով խորհրդաժողովում այսօր իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Օտտո Լյուֆթենհանդը, որը 1993-94 թվականներին մասնակցել է Սահմանադրության ստեղծմանը, հայտարարեց՝ եթե Սահմանադրության տեքստը լի է հակասություններով, ապա դրա մեկնաբանությունը դառնում է ռուսական ռուլետկա և կորցնում է իր ամբողջ իմաստը։

«Այսօր խոսվում է այն մասին՝ արդյոք ՀՀ Սահմանադրական դատարանն ամբողջովին լեգիտի՞մ է։ Դրա պատճառն այն է, որ նախկին փաստաբան, այսօր ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հայտարարել է, որ նախկինում ընտրված ՍԴ անդամները դատավորներ չեն», – ասաց բանախոսը։

Պրոֆեսորն ասաց, որ այդ պնդման համար հիմք է հանդիսացել 213-րդ հոդվածը։

Այստեղ նշվում է, որ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելով ՍԴ նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը։

«Երկրորդ նախադասությունն էլ հետևյալն է՝ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար ՀՀ նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և կառավարությունը», – ներկայացրեց Օտտո Լյուֆթենհանդը։

Նա նշեց, թե Վահե Գրիգորյանն ընտրվել է ՍԴ դատավոր 213-րդ հոդվածի երկրորդ նախադասության համաձայն։

Պրոֆեսորն ասաց՝ չնայած այն փոփոխություններին, որոնք կարող են կատարվել Սահմանադրությունում, անցումային դրույթները պետք է ապահովեն դրա միասնականությունը և ներսում հակասություններից զերծ լինելը։

«Սահմանադրության մեկնաբանման համար հիմնական նախադրյալը հետևյալն է՝ պետք է ընկալենք, որ սա միասնական փաստաթուղթ է։ Եթե սահմանադրության տեքստը լի է հակասություններով, ապա դրա մեկնաբանությունը դառնում է ռուսական ռուլետկա և կորցնում է իր ամբողջ իմաստը», – ասաց Օտտո Լյուֆթենհանդը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում