Հայաստանը մտադիր է վավերացնել Ստամբուլի կոնվենցիան մոտ ապագայում

Հայաստանը մտադիր է վավերացնել Ստամբուլի կոնվենցիան մոտ ապագայում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Հայաստանը մեծապես կարևորում է կանանց իրավունքների առաջխաղացումը հասարակական կյանքում, առաջնահերթ՝ ժողովրդավարական գործընթացներում, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրում Կանանց և ընտանեկան բռնության կանխարգելման ծրագրի պաշտոնական մեկնարկի կապակցությամբ։

«Թավշյա հեղափոխության հաջողությունը, որին ամենակտիվ մասնակցությունն ունեցան նաև հայ կանայք և աղջիկները, դրա վառ ապացույցն է։Այս փորձը վերահաստատում է պետության և հասարակության սոցիալ-քաղաքական կյանքում կանանց առանցքային դերը, հետևաբար նաև կանանց բարոյական և ֆիզիկական անվտանգ միջավայրի, հավասար իրավունքների ու հնարավորությունների ապահովման կարևորությունը։ Սա Հայաստանի կառավարության ծրագրի առաջնահերթություն է», – ասել է նա։

Փոխնախարարն ընդգծել է, որ Հայաստանը 2018թ. հունվարին ստորագրել է Կանանց և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի եվրոպական կոնվենցիան (Կանանց և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի եվրոպական կոնվենցիան կոչվում է նաև Ստամբուլի կոնվենցիա, քանի որ ստորագրման է բացվել 2011թ. Ստամբուլում)։

«Այդ համատեքստում արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ կոնվենցիան ներկայումս գտնվում է վավերացման ընթացակարգերի փուլում։ Անցյալ տարվանից գործում է նաև կանանց և ընտանեկան բռնության կանխարգելման Հայաստանի Հանրապետության օրենքը։ Լիահույս եմ, որ այսօր մեկնարկող Կանանց և ընտանեկան բռնության կանխարգելման ծրագիրն ուղի կբացի Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի մոտալուտ վավերացման, ինչպես նաև կոնվենցիայի դրույթներն ու պրակտիկ գործիքներն ազգային օրենսդրությունում և գործնական դաշտում ներդնելու համար։

Հարկ է նշել նաև, որ կանանց համար արդարադատության հասանելիության վերաբերյալ մեկ այլ ծրագիր իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն լավ կառավարման» օժանդակ ծրագրի շրջանակում», – ասել է նա։

Ավետ Ադոնցը նշել է, որ Արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատում Գործողությունների ծրագրին գործընկերների աջակցությունը։

«Տվյալ դեպքում՝ Կանանց և ընտանեկան բռնության կանխարգելման ծրագրի ֆինանսավորմանը մասնակցել են Գերմանիան, Նորվեգիան, Իռլանդիան, Լիխտենշտայնը։ Մենք վճռական ենք բարելավել նախորդ փուլի Գործողությունների ծրագրի ֆինանսավորման և արդյունավետ իրականացման հաջողությունը։ Բավական կլինի նշել միայն, որ նոր մեկնարկած Գործողությունների ծրագրում ապահովված է արդեն սահմանված բյուջեի (19 մլն. եվրո) ավելի քան 50%-ի ֆինանսավորումը», – հավելել է ՀՀ ԱԳ փոխնախարարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում