Ակցիա. Մեր ելույթներով կպայթեցնենք Արմեն Սարգսյանի մեծ փուչիկը

Ակցիա. Մեր ելույթներով կպայթեցնենք Արմեն Սարգսյանի մեծ փուչիկը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Սահմանադրության օրվա կապակցությամբ AntiFake.am-ը և «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ն համատեղ իրականացնում են խորհրդանշական ակցիա ՀՀ նախագահի նստավայրի դիմաց՝ #Պահպանեք_Սահմանադրությունը (#Save_Constitution) խորագրով։ Ակցիան մեկնարկեց Բաղրամյան 1 հասցեից, այնուհետ մասնակիցները շարժվեցին դեպի նախագահական նստավայր։

«Խորհրդանշական ակցիայի նպատակն է ՀՀ քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որի հիմնական գործառույթը ՀՀ Սահմանադրության պահպանմանը հետևելն է, ոչ միայն աչք է փակում տարբեր պաշտոնյաների կողմից Սահմանադրության խախտման դեպքերի վրա, այլ նաև անձամբ խախտում է Սահմանադրությունը։ Ուստի Սահմանադրությունն ունի ՀՀ քաղաքացիների պաշտպանության կարիքը»,– ասաց AntiFake.am-ի ղեկավար Նարեկ Սամսոնյանը։

Լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փորձում է տարբեր հանդիպումների ընթացքում տպավորություն ստեղծել, որ միակ մարդն է, ով Փաշինյանի կողմից վարչապետի պաշտոնը թողնելուց հետո կարող է զբաղեցնել Հայաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը։

«Սա ես ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Արմեն Սարգսյանի հիմնական նպատակն այսօր ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելն է, որ մենք թույլ չենք տալու։ Որքան էլ նա պատկերացնի, որ բրիտանական խորամանկությունը կարող է աշխատել հայկական քաղաքական միջավայրում, դա նրան խիստ թվում է։ Ես ամեն ինչ անելու եմ, որ Արմեն Սարգսյանի՝ կուսակցություններ ստեղծելու գաղտնի գործընթացը չլինի։ Այն ամենի համար, ինչ նա արել է, պետք է պատասխան տա, սա հարմար առիթ է հիշեցնելու, պարոն Սարգսյան, Ձեր հանցավոր լռությունը, անգործությունը վերաբերմունքի է արժանանալու բոլորի կողմից»,-հայտարարեց Սամսոնյանը։

Նրա խոսքով, ՀՀ նախագահի կոցմից անգործությունը հանգեցրել է Սահմանդրության հոդվածների խախտումների։ Ի դեպ, Սամսոնյանը Բաղրամյան 26 հասցեում գտնվող շենքը որակեց Սարգսյանի հանգստավայր, ոչ թե աշխատավայր։

«Մենք Ձեզ կփոխանցենք շատ կարևոր մի փաստաթուղթ, և ելութներից հետո կպայթեցնենք Ձեր մեծ փուչիկը։ Հուսով ենք՝ մի օր հուլիսի 5-ը Ձեզ համար էլ տոն կլինի»,-ասաց նա։

Ակցիայի մասնակիցներն առաջինը պայթեցրեցին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի նկարով սպիտակ փուչիկը։

«Այսպես է լինելու նաև Վալերիյ Օսիպյանի պաշտոնավարման ավարտը»,-ասաց Սամսոնյանը։

Ապա պայթեցվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՍԴ «ինքնահռչակ նախագահ» ներկայացված Վահե Գրիգորյանի, «մի տարում ունեցվածքը մի քանի հազար անգամ ավելացրած» ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկարներով փուչիկները։ Ամենավերջում պայթեցրեցին ամենամեծփուչիկը, որի վրա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նկարն էր։

«Այստեղ այն մարդիկ են, որոնք վաղը ՀՀ քրեական օրենսգրքով պատասխանատվության են ենթարկվելու»,- ասաց Նարեկ Սամսոնյանը։

Ակցիայի մասնակիցները նաև նվեր էին պատրաստել Արմեն Սարգսյանի համար, Սահմանդրությունից դուրս էին հանել ՀՀ նախագահին վերաբերող դրույթները, մեծ տարբերակով հրատարակել։

«Սա նվիրում ենք պարոն Սարգսյանին, որպեսզի նա հաճախ կարդա դրանք, դե յուրե պարտականությունները նույնացնի դե ֆակտո վոյաժների հետ ու հասկանա, որ չի եկել խոպան։ Մենք դա նրան անընդհատ հիշեցնելու ենք»,- ասաց Սոմսոնյանը։

Ակցիայի ավարտից հետո մասնակիցները տարբեր փողոցներում ՀՀ Սահմանադրություն նվիրեցին քաղաքացիներին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում