Ձորաղբյուրի ամառանոցներում արդեն 2 շաբաթ է՝ ոռոգման ջուր չկա

Ձորաղբյուրի ամառանոցներում արդեն 2 շաբաթ է՝ ոռոգման ջուր չկա

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, Tert.am: Ձորաղբյուրի ամառանոցների մի խումբ բնակիչները նամակ են ուղարկել Tert.am-ի խմբագրությունը, որում ասվում է, որ շաբաթներով ոռոգման ջուր չեն տալիս, փոխարենը մեկ ցիստեռնը վաճառվում է 10 000 դրամով։ Նամակում ասվում է.

«Ձորաղբյուրի ամառանոցներում արդեն 2 շաբաթ է՝ ոռոգման ջուր չկա: Ակնհայտ է, որ ամռան տապին ոռոգման ջուր չտալը լրջագույն վնաս կարող է հասցնել ծառերին և թփերին: Սակայն Ձորաղբյուրի ամառանոցներին ոռոգման ջուր հատկացնողներն (այսպես կոչված ՋՕԸ) ունեն ուրույն մտածելակերպ և այս իրավիճակն օգտագործում են բավական շահավետ բիզնես անելու նպատակով:

Տարատեսակ պատճառաբանություններով հիմնավորելով շաբաթներով ջուր չտալը, նրանք այդ նույն ջուրը բնակիչներին վաճառում են ցիստեռններով: Այս ոչ բռնի, թավշյա իրավիճակում ամառանոցի բնակիչներին այլ ելք չի մնում, քան ցիստեռններով ջուր գնելը’ սեփական այգին կործանումից փրկելու համար: 1 ցիստեռն կամ 7 տոննա ջուրը տաղանդավոր ձեռներեցները վաճառում են 10.000 դրամով:

Ձորաղբյուրի ամառանոցների բնակիչները համոզված են, որ ոռոգման ջուր չտալը և այդ ջուրը թանկ վաճառելը հանցավոր սխեմայի դրսևորում է: Հրավիրում ենք Ջրային կոմիտեի և այլ պատկան մարմինների ուշադրությունը, որպեսզի պարզվի, թե ինչպես է Թավշյա հեղափոխությունից հետո հնարավոր, որ Հայաստանում լինի այսպիսի հանցավոր մտածելակերպ և գործելաոճ:

Ձորաղբյուրի ամառանոցների մի խումբ բնակիչներ»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում