ԵԱՀԿ ԽՎ-ում հակահայկական ձևակերպումների չեզոքացումը պետք է կոնսոլիդացնի, ոչ թե պառակտի մեզ. Աննա Կարապետյան

ԵԱՀԿ ԽՎ-ում հակահայկական ձևակերպումների չեզոքացումը պետք է կոնսոլիդացնի, ոչ թե պառակտի մեզ. Աննա Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ԵԱՀԿ ԽՎ-ում հակահայկական ձևակերպումների չեզոքացումը միայն Ազգային ժողովի պատվիրակության ջանքերի արդյունք չէ: Նման գլոբալ գործընթաց ներկայիս պայմաններում հնարավոր էր միայն ԱԳՆ-ի ինտենսիվ աշխատանքի շնորհիվ: Այս մասին Times.am-ի հետ զրույցում ասել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը՝ մեկնաբանելով հուլիսի 8-ին Լյուքսեմբուրգում ընդունված ԵԱՀԿ ԽՎ ամփոփիչ հռչակագիրը:

«ԵԱՀԿ ԽՎ քաղաքական հանձնաժողովի զեկույցը, որը հետագայում մաս դարձավ Լյուքսեմբուրգի հռչակագրի, Հայաստանի և Արցախի համար մի շարք անցանկալի ձևակերպումներ էր պարունակում: Եվ կարևոր է, որ դրանք հաջողվեց չեզոքանցել: Սակայն եթե հաշվի առնենք ԵԱՀԿ ԽՎ ընթացակարգերն ու այն հանգամանքը, որ Հայաստանի պատվիրակությունն ընդամենը դեռ մի քանի ամիս է աշխատել այս կառույցում՝ այսինքն մեկ-երկու անգամ է առիթ ունեցել շփվելու այլ երկրների իրենց գործընկերների հետ, ակնհայտ է դառնում, որ սա միայն նրանց ջանքերի արդյունքը չէ»,– ընդգծել է փորձագետը: Նրա կարծիքով աշխատանքի «առյուծի բաժինը», ենթադրաբար հենց ԱԳՆ-ն է արել, ինչը ցույց է տալիս, որ այսօր ԱԳՆ-ն ինտենսիվ աշխատում է օրենսդիր մարմնի համար և նպաստում խորհրդարանակն դիվանագիտության զարգացմանը:

Կարապետյանը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ամփոփիչ հռչակագրում, այնուամենայնիվ, տեղ է գտել ձևակերպում՝ ընդգծող Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը, որը չկար նախորդ առնվազն երեք տարիների հռչակարգերում: «Իսկ դա արդեն նշանակում է, որ տեղին չէ խոսել բացարձակ հաղթանակի մասին: Երևի հենց այդ պատճառով էլ այդ դրույթի մասին պատվիրակները նախընտրում են լռել»,- նշել է նա:

«2015-ին էլ Հայաստանը նման մի իրավիճակում էր հայտնվել ԵԽԽՎ-ում, երբ Ադրբեջանի հովանավորչությամբ ներկայացվել էր Վոլթերի զեկույցը: Այն ժամանակ բանաձևի չեզոքացման համար հսկա ռեսուրս կոնսոլիդացվեց՝ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության, թե՛ Սփյուռքի: Բանաձևի չեզոքացումը յուրօրինակ համախմբան ցուցիչ դարձավ և ընդհանուր հաղթանակ: Այսօր, ցավոք, իշխանական պատգամավորները փորձում են միայնակ կրել հաջողության դափնիները, ինչը քաղաքական մշակույի տեսանկյունից հեռանկարային չէ»,- ասել է Կարապետյանը: 

«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրենը նկատել է, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կոռուպցիոն գործունեության բացահայտումից բարձրացած աղմուկից հետո սպասելի է, որ Ադրբեջանն իր ջանքերը տեղափոխելու է այլ միջազգային խորհրդարանական հարթակներ, ԵԱՀԿ ԽՎ այս բանաձևն «առաջին ծիծեռնակներից» մեկն էր: «Ուստի, պետք է այս հաջողության վրա հենվելով կոնսոլիդացնել մեր ռեսուրսները և պատրաստվել այլ հարթակներում հակազդելու Ադրբեջանին, և ոչ թե շտապել միանձնյա վայելելու փառքը»,– ամփոփել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում