«Փաստ». Ներիշխանական հակասություններ

«Փաստ». Ներիշխանական հակասություններ

«Նոր Հայաստանում պաշտոնանկությունները հասունանում են գրեթե նույն սցենարով. սկզբում կոնկրետ պաշտոնյայի դեմ հա­մապատասխան համատեքստ են ձևավո­րում առանձին պատգամավորներ, ստեղծվում են համապատասխան հասարակական տրամադրություններ, հետո վարչապետն ասում է իր խոսքը:

Համենայն դեպս, մոտա­վորապես այս սցենարով են պաշտոնանկ արվել Դավիթ Սանասարյանը, Արտակ Զեյնալյանը, ու տպավորություն կա, որ կարծես օղակը սեղմվում է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի շուրջ: Գոնե ոմանք նման ցանկություններ ունեն:

Խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը, որ վերջին շրջանում հրապարակային ակտիվությամբ աչքի չի ընկնում, նախօրեին հանդես է եկել ֆեյսբուքյան գրառմամբ: «Շաբաթ օրը Ամուլսարի պաշտպանության նախաձեռնության անդամները կազմակերպել էին դրամահավաք, և ոստիկանությունը, չգիտես ինչու, որոշել էր նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանին խարդախության կասկածանքով տանել ոստիկանություն և շուրջ երեք ժամ պահել այնտեղ»,- ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Լենա Նազարյանը:

«Առհասարակ արդեն շատ վաղուց Հայաստանում քաղաքական ու քաղաքացիական նախաձեռնությունների կողմից դրամահավաքների կազմակերպումն ընդունված ու շատ նորմալ պրակտիկա է:

Եթե նախաձեռ­նությունը ճանաչված է, քաղաքացիները վստահում են ու պատրաստ են իրենց դրամն ինքնակամ նվիրաբերել, ու դա ար­վում է հրապարակային միջոցառման ժա­մանակ, ապա ես չեմ պատկերացնում, թե ի՞նչ խարդախություն կարող է այդտեղ լինել, ու ինչ փաստաթղթեր ու թույլտվություններ են պետք ներկայացնել և ում: «Քաղաքացի­ական պայմանագիր» կուսակցությունը բազ­միցս իրականացրել է հանրային դրամահա­վաքներ, ու երբևէ դրա մասին իրազեկում չի արվել քաղաքապետարան կամ այլ տեղ: Ուղղակի տարակուսում եմ, թե ինչու ոստիկանությունում այս հանրահայտ իրողությու­նը ընկալելի չէ, և ինչու են քաղաքացիները տարվում ու պահվում օրենքով չարգելված գործունեության համար: Հուսամ՝ նման ան­հիմն խոչընդոտներ այլևս չեն լինի»,- գրել է խորհրդարանի փոխնախագահը:

Հանաձայնենք՝ խորհրդարանի փոխնա­խագահը բավականին խիստ գնահատականներ է հնչեցրել ոստիկանության գործո­ղությունների մասով, ու այնպիսի տպավո­րություն է, որ այս պարագայում ներիշխա­նական հակասությունները բազմաշերտ են ու ավելի խորքային բնույթ ունեն:

Մի կողմից թիրախավորվում է Վալերիյ Օսիպյանը, ով վերջին շրջանում քննադատության կիզակետում է տարբեր առիթնե­րով՝ հաճախակի դարձած ՃՏՊ-ներ՝ մահա­բեր ելքերով, հանրապետությունում արձանագրված աղմկոտ միջադեպեր՝ սպանու­թյան ելքով, և այլն:

Լենա Նազարյանը բարձրաձայնում է այն, ինչի մասին շշուկով խոսում են նաև իշխանության վերնախավի մի մասում՝ Օսիպյանի գործողությունները համարժեք չեն, ու նա չի համապատասխա­նում իր պաշտոնին:

Մյուս կողմից՝ ոստիկա­նապետը տակավին վերջերս ստացավ գե­ներալական ուսադիրներ, ինչը ենթադրում է, որ Նիկոլ Փաշինյանը գոնե առժամանակ ոստիկանությունում կադրային փոփոխու­թյուն անելու անհրաժեշտություն չի տեսնում:

Գուցե Լենա Նազարյանի փոքրիկ «ընդվզումը» հենց արձագանք է Օսիպյանի գեներալական կոչմանը»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում