«Ժողովուրդ». ԱԺ-ում կրկին պետք է ներկայացվի ԲԴԽ անդամի թեկնածու

«Ժողովուրդ». ԱԺ-ում կրկին պետք է ներկայացվի ԲԴԽ անդամի թեկնածու

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սպասվում է, որ այսօր Ազգային ժողովում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն երեկ քննարկված նախագծերը, որից հետո տեղի կունենան քվեարկություններ, և արտահերթ նիստի օրակարգը կսպառվի: Սակայն ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հակված է այսօր ևս մեկ արտահերթ նիստ գումարել՝ քննարկելու համար Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածության հարցը:

Ինչպես հայտնի է, նախորդ անգամ «Իմ քայլը» խմբակցության անկազմակերպվածության հետևանքով թեկնածու Աննա Մարգարյանը չընտրվեց որպես ԲԴԽ անդամ և այժմ կրկին պետք է ներկայացվի ԲԴԽ անդամի թեկնածու, որպեսզի լրացվի այն տեղը, որն առկա է ԲԴԽ անդամների հրաժարականներից հետո: Սակայն հետաքրքիր է, որ երեկվա դրությամբ դեռևս իշխող ուժի պատգամավորների մեծամասնությունը չգիտեր, թե ում թեկնածությունն է ներկայացնելու խմբակցությունը խորհրդարանին:

Այդ հարցերով զբաղվում է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, որը երեկ լրագրողների հետ զրույցում նշել էր, թե օրվա ընթացքում կունենան հստակ թեկնածու, և այլ մանրամասներ չէր ներկայացրել: Եվ հենց այդ անորոշությունն է պատճառը, որ պատգամավորները մինչև օրվա ավարտն այդպես էլ տեղյակ չէին՝ վաղը կանցկացվի արդյոք ԲԴԽ անդամի ընտրություն, և, առհասարակ, ով է թեկնածուն:

Ինչպես հայտնի է, մինչ այդ հարցը լիագումար նիստում քննարկելը, թեկնածուն նախ հանդիպումներ պետք է ունենա խմբակցությունների հետ, և եթե այսօր որևէ մեկի թեկնածությունը հաստատվի, ապա վաղը առավոտից կսկսվեն հանդիպումները խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Իսկ թեկնածուին գաղտնի են պահում, որ նրա վրա ճնշում չգործադրեն «մութ ուժերը»»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում