Զոհրաբ Մնացականյան. Մարդու իրավունքները և ժողովրդավարության արժեքները հետ են մղվում

Զոհրաբ Մնացականյան. Մարդու իրավունքները և ժողովրդավարության արժեքները հետ են մղվում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: «Մարդու իրավունքները պայմանավորված չեն կարգավիճակով»,- այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ելույթ ունենալով լովակիայում կայացած «Անցյալի գործողություններից ապագա կանխարգելման. ԵԱՀԿ դերը կայունությունը խթանելու գործում Եվրոպայում և անդին» խորագրով ԵԱՀԿ նախարարական ոչ պաշտոնական հանդիպմանը։

ԱԳ նախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը մասնակցում էին ավելի քան երկու տասնյակ երկրների ԱԳ նախարարներ, ԵԱՀԿ կառույցների ղեկավարներ:

«Հաշվի առնելով ԵԱՀԿ առավել լայն աշխարհագրությունը, որտեղ ներկայացված են մասնակից պետություններ ՀԱՊԿ-ից, Եվրասիական տնտեսական միությունից, ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից, ինչպես նաև երկրներ, որոնք որևէ միության անդամ չեն, ապա պետք է ընդգծել, որ սա կարևոր հարթակ է՝ փորձարկելու տարբեր գաղափարներ, տարբեր ճանապարհներ, որոնք ուղղված են եթե ոչ տարբերությունների հաղթահարմանը, ապա առնվազն դրանց կառավարմանը։ Սա շատ կարևոր արժեք է, որը պետք է ԵԱՀԿ շրջանակներում գնահատենք և պահպանենք։ Մարդու իրավունքները և ժողովրդավարության արժեքները հետ են մղվում, ինչը շատ վտանգավոր է»,- նշել է ԱԳ նախարարն ու ավելացրել, որ Հայաստանը մշտապես շահել է ԵԱՀԿ շրջանակում առկա կառույցների հետ համագործակցությունից։

Մնացականյանի խոսքով, պետք է ապահովել ԵԱՀԿ-ում առկա գործիքակազմի անխափան աշխատանքը, այն պետք է պահպանվի և աջակցություն ստանա։

«Մարդկային չափորոշիչների իրականացման հանդիպման շուրջ ստեղծված իրավիճակը ցավալի է։ Այն ի ցույց է դնում, թե ներկայումս որքան պաշտպանողական է այս հարթությունում մեր գործունեությունը: Տարիներ շարունակ ներգրավված ենք եղել ԵԱՀԿ շրջանակներում մարդկային հարթության երկխոսության մեջ՝ բարձր գնահատելով քաղաքացիական հասարակության դերը, և ըստ իս՝ նրան հետ մղելու փորձերն արդարացված չեն»,- ասել է նա։

Իր խոսքում Հայաստանի ԱԳ նախարարն անընդունելի է համարել մարդու իրավունքների նկատմամբ ընտրողական վերաբերմունքը:

«ԵԱՀԿ-ի շրջանակներում մենք ունենք հակամարտություններ: Մենք պետք է մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ որդեգրենք կարգավիճակով չպայմանավորված մոտեցում: Կան վայրեր, որտեղ մարդիկ ջանում են խթանել մարդու իրավունքները, սեփական ուժերով ստեղծելով համապատասխան ինստիտուտներ, քանի որ չեն վայելում այն աջակցությունը, որը շատերն ունեն: Անընդունելի է, երբ մի պարագայում դա տեղի է ունենում, իսկ մեկ այլ պարագայում՝ ոչ: Մարդու իրավունքները պայմանավորված չեն կարգավիճակով: Մենք պետք է ընդունենք դա և գտնենք անհրաժեշտ մեխանիզմ՝ մարդու իրավունքների պաշտպանությունը ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում տարածելու համար: Եվ իհարկե, ես նկատի ունեմ նաև Արցախը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերաբերում է մարդկանց։ Այն մարդկանց մասին է, նրանց կենսական, ֆիզիկական անվտանգության մասին: Դա է ընկած մեր մոտեցման առանցքում: Ես ցանկանում եմ նաև այս համատեքստում նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարությունը, որի շրջանակներում մենք փորձում ենք գտնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը»,- խոսքն ամփոփել է ԱԳ նախարարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում