Երեխայի համար մոր երգած օրորոցայինը չափազանց կարևոր է նրա զարգացման համար

Երեխայի համար մոր երգած օրորոցայինը չափազանց կարևոր է նրա զարգացման համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հուլիսի 10-ին «Ականջդ օրոր կանչի» խորագրով սեմինար-քննարկումը ազգագրագետի, հոգեբանի ու երգչուհու հետ բազմաթիվ մայրիկների էր բերել Լոֆթ: 

«ԳիՀԻ» գիտահետազոտական կենտրոնի հիմնադիր, ազգագրագետ և հոգեբան Լիլիթ Սիմոնյանը և նույն կենտրոնի հոգեբան, թրեյնինգավար Լիլիթ Մանուկյանը երեկոյի ընթքացքում ներկայացրին հայոց օրորոցային երգերը, դրանց նշանակությունն ու խորհրդանիշները, իսկ երգչուհի Անուշ Արշակյանն իր գեղեցիկ կատարումներով հնչեցրեց շատ գեղեցիկ օրորոցայիններ: 

Երեխայի դաստիարակությունը սկսվում է վաղ մանկությունից: Ու երեխայի հետ աշխարհի ծանոթացումը կատարվում է օրորոցայինների միջոցով: Դրանք այն առաջին պատմությունները, հեքիաթներն են, որով երեխան սկսում է ճանաչել աշխարհն ու այն միջավայրը, որտեղ ծնվել է:

«Ինչպիսի՞ լեզվով կարելի է խոսել դեռևս չծնված երեխայի հետ, ի՞նչ է զգում երեխան, երբ դեռ գտնում է մոր արգանդում, ի՞նչ է զգում երեխան, երբ նոր է ծնվել: Սրանք դժվար է բացատրել: Բայց խոսքի, փաղաքշանքի, օրորոցայինների միջոցով մայրը կարողանում է կոնտակտ, կապ հաստատել երեխայի հետ: Երեխայի ու մոր այդ զրույցը, որտեղ մայրը խոսում կամ երգում է, իսկ երեխան լսում է, այն կապն է, որ միավորվում են երեխայի ու մոր տիեզերքները: Մենք պետք է հասկանանք, որ կա մի հարթություն, որտեղ անգամ դեռ չծնված կամ նոր ծնված երեխան հենց այդ կապի միջոցով է կարողանում է հասկանալ մեր քաղաքակրթությունը, սկսում է ծանոթանալ դրա հետ»,- սեմինարի սկզբում ասաց Լիլիթ Սիմոնյանը:

Մեր օրերում շատ մայրիկներ օրորոցայինները չեն երգում իրենց երեխաների համար, լավագույն դեպքում միացնում են գեղեցիկ երաժշտություն կամ որևէ մեկի կողմից կատարվող օրորոցայիններ, ինչը մայր- երեխա կապի ամրապնդմանը չի նպաստում:

Ազգագրագետ Լիլիթ Սիմոնյանի խոսքով՝ մեզ հասած ու գրառված օրորոցայինների մեջ կան բարբառային բառեր, որոնց իմաստը չեն հասկանում ծնողները և գուցե հենց այդ պատճառով է, որ միայն մեղեդին են հնչեցնում: Լիլիթ Սիմոնյանն խոսքով՝ ժամանակակից մարդու համար հաճախ անհասնալի են օրորոցայինների տեքստերը՝ թե ինչու պետք է քամին օրորի երեխային կամ եղնիկը կերակրի նրան, ինչու է մայրը կանչում երկնային մարիններին՝ արևին, լուսնին, աստղերին, որ գան ու քնեցնեն իր զավակին, երբ հենց մայրը պետք է օրորի ու քնեցնի երեխային:

«Մի ավանդազրույց կա, ըստ որի մի չխոսկան կին է լինում, երկար ճանապարհ գնալիս ծննդաբերում է մի թփի տակ ու ամաչում է իր ուղեկիցներին՝ ամուսնուն, սկեսրայրին, ասել այդ մասին: Տանը նա սկսում է մի տխուր երգ երգել և խնդրում է, որ քամին իր զավակին օրորի, եղնիկը նրան ծիծ տա: Ընտանիքի անդամներն այդ երգից են իմանում, որ երեխան ծնվել է ու գնում են նրան տուն բերում: Իրականում հայկական մշակույթը շատ խորն է և բարդ: Այս ու նման պատմությունները հասկանալու համար պետք է խորամուխ լինել այդ մշակույթի շերտերի մեջ»,– պատմեց Լիլիթ Սիմոնյանը:- «Հետաքրքիր է, որ բոլոր հերոսները՝ ոչ սովորական մարդիկ, ծնվում կամ մեծանում են ոչ սովորական ձևով: Օրինակ՝ հիշեք Մովսեսին, ում դրեցին զամբյուղի մեջ, գցեցին ջուրը… Կան հերոսներ, ում կերարկում են վայրի կենդանիները, օրինակ՝ եղնիկները: Լինում են նաև այնպիսի հերոսներ, ինչպես Կյուրոս թագավորը, հռոմի հիմնադիր եղբայրներ Հռոմուլոսը և Հռեմոսը, որոնց կերակրում են անգամ գայլերը: Այ, հենց հերոսի մոտիվն է, որ գալիս հայտնվում է օրորոցայինների մեջ: Արդյո՞ք սա չի նշանակում, որ մայրն ուզում է իր երեխային հերոս տեսնել, հերոս մեծացնել: Եվ հենց օրորոցայինների մեջ իր երեխային առանձնացնում է ուրիշ երեխաներից, որ նա սովորական չի, որ բնությունից է դուրս եկել և և պետք է հերոսի նման ու հերոս մեծանա»:

Լիլիթ Սիմոնյանը բացատրեց, որ հերոս մեծացնելու մոտիվացիան երևում է նաև այն հատվածներում, որտեղ մայրը երեխային ոսկե օրորոցում ու մետաքսե շապիկով է նկարագրում:

«Թվում է, թե ի՞նչ կապ ունի գյուղում մեծացող երեխան ոսկե օրորոցի հետ, որտեղի՞ց այղ աղքատ գյուղացուն մետաքսե հագուստ: Այս տեսարաններն էլ հասկանալու համար մենք պետք է գնանք մեր մշակույթի խորքերը, մեր առասպելներն ու հեքիաթները, որտեղ արքայազուններին գտնում ենք ոսկե օրորոցներում՝ մետաքսե շապիկներով: Սրանք թագավորական խորհրդանիշներ են և մայրն իր զավակին մեծարում է որպես արքայի»:

Քանի որ օրորոցայինները երգվում էին, ժողովուրդը դրանց որոշակի ծիսական նշանակություն էր տալիս, ինչի շնորհիվ էլ երգերի մեջ բազմաթիվ բարեմաղթանքներ ու օրհնություններ ենք հանդիպում:

Օրորոցայինների մասին խոսելու և դրանք մայրերի համար բացատրելու գաղափարը ծնվել է Անուշ Արշակյանի ու Լիլիթ Սիմոնյանի զրույցի ընթացքում: Նրանք ընտրել են օրորոցայինները երգով ու բացատրելով ներկայացնելու տարբերակը, որ հնարավորինս շատ օգտակար լինի մայրերի համար:

Հոգեբան Լիլիթ Մանուկյանը կարծիքով նման սեմինարները, զրույցները հնարավորություն կտան առօրյա վազքից կտրվել և զինվել ազգային հետաքրքիր ընկալումներով: «Նպատակը մի գեղեցիկ միջոցառման շուրջ միավորելն է ազգագրությունը, հոգեբանությունը և այդ երկուսի կիզակետում ունենալ ուժեղ և ռեսուրսներով լի ծնողի կերպար»,- ասաց Լիլիթ Մանուկյանը և հավելեց, որ մասնակիցները հնարավորություն կունենան այնպիսի մի հոգեվիճակի մեջ գտնվել, որ դա իրենց կլցնի:

ԳիՀԻ-ն յունգյան անալիտիկ հոգեբանության և հայագիտական մի շարք բնագավառների ուսուցման և գործնական պարապմունքների, նաև գիտական հետազոտությունների կենտրոն է: 2019թ. մարտին այն հիմնադրել են մի շարք հայագետներ ու հոգեբաններ՝ նպատակ ունենանալով միավորել հայագետների և հոգեբանների աշխատանքը, նպաստել հայոց ոչ նյութական և նյութական մշակույթի պահպանության գործին, ստեղծել վայր, որտեղ հայաստանաբնակ ցանկացած անձ կարող է գիտելիքներ ստանալ հայագիտության և յունգյան հոգեբանության տարբեր ոլորտներում` անկախ տարիքից և մասնագիտությունից:

Միլենա ՄՈՎՍԵՍՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում