Վերին Լարսի անցակետում Հայաստան եկող ավտոբուսի վարորդների անձնագրերը վերադարձվել են

Վերին Լարսի անցակետում Հայաստան եկող ավտոբուսի վարորդների անձնագրերը վերադարձվել են

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հունիսի 24-ին Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցված ավտոբուսի վարորդներ, ՀՀ քաղաքացիներ Ա. Խ. և Լ. Մ. անձնագրերը ետ են վերադարձվել և նրանք կարող են հատել Վրաստանի սահմանը։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայ վարորդների՝ Վրաստանում գտնվելու ողջ ընթացքում մշտական կապ է պահպանել Վրաստանի ԱԳՆ-ի, դատախազության, քննիչների հետ։ Դեսպանությունը ՀՀ քաղաքացիների անձնագրերի վերադարձի պահանջով գրություններ է ուղարկել պատկան մարմիններին։ Դեսպանության իրավաբանն անմիջականորեն զբաղվել է գործով։ Երեկ տեղի ունեցած 9 ժամ տևողությամբ դատավարության ընթացքում դեսպանությունն ապահովել է որակավորված թարգմանչի ներկայությունն ու ծախսերը։

Դեսպանության առաջարկությամբ սույն հարցով Վրաստանի իր գործընկերուհի Նինո Լոմջարիայի հետ կապ է հաստատել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Անձնագրերի վերադարձի ուշացումը պայմանավորված էր նրանով, որ տեղի էին ունենում տեսակապով հարցաքննություններ Վրաստանից Ռուսաստան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում