Սևան-Երևան ճանապարհը բաց է

Սևան-Երևան ճանապարհը բաց է

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Սևան-Երևան ավտոճանապարհը փակած ակցիայի մասնակիցների հետ հանդիպելու են եկել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ու Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը, ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը։

Նրանք համոզում են ակցիայի մասնակիցներին, որպեսզի բացեն ճանապարհը։ Ի վերջո ակցիայի մասնակիցները որոշեցին բացել, մինչև չորեքշաբթի ժամանակ տան կառավարության անդամներին, որպեսզի հայտարարեն, որ Սևանը լողալու համար վտանգավոր չէ։ Սասուն Միքայելյանն ասաց, որ եթե չհայտարարեն, ինքն էլ կմիանա ակցիայի մասնակցիներին, կփակի ճանապարհը։

«Կամ պիտի հայտարարեն, կամ հերքեն։ Սևանը մաքուր է, ինչ է եղել։ Երկու օր առաջ անցել եմ, մաքուր էր։ Եթե բան կա, թող հայտարարեն։ Մարդիկ մի ամիս են աշխատում, ամեն տարի մի բան ասում են, էս ժողովուրդը վախենում է գնալ Սևան։Արարատյան դաշտ ո՞նց է ջուր գնում, եթե թունավոր է, ձկներն ինչո՞ւ չեն սատկում»,- ասաց Ս. Միքայելյանը։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ասաց, որ գնում է հանրային լողափ, խնդիր չունի, կարող է նաև լողալ։

Հիշեցնենք, որ Սևանա լճի լողափերի տնտեսվարողներն այսօր Սևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել։ Տնտեսարողները համաձայն չեն, որ Սևանը վտանգավոր է լողալու համար, նման հայտարարությունների պատճառով զբոսաշրջիկներ չեր այցելում լիճ։ Նրանք պահանջում են՝ կառավարության ներկայացուցիչները հայտարարեն, որ Սևանում լողալը վտանգավոր չէ։ Նրանք որոշել էին փակել Երևան-Սևան ճանապարհը:

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորել էր քաղաքացիներին Սևանա լճի ափամերձ որոշ տարածքներում, որտեղ կապտականաչ ջրիմուռներ են նկատվում, խուսափել լողալ այդ հատվածներում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում