Վենետիկի հանձնաժողովը վերջակետ դրեց իրավական պոպուլիզմին Հայաստանում. Արթուր Ղազինյան

Վենետիկի հանձնաժողովը վերջակետ դրեց իրավական պոպուլիզմին Հայաստանում. Արթուր Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Վենետիկի հանձնաժողովը վերջակետ դրեց իրավական պոպուլիզմին Հայաստանում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Ղազինյանը։

«Սրանով թեման փակվեց, օրակարգը սպառված է։ Հայաստանում չի կարող լինել վեթթինգ, քանի որ դա Վենետիկի հանձնաժողովի կողմից կհամարվի անթույլատրելի, որովհետև գործադիր մարմինն այս պահին ունի անթույլատրելի մեծ լիազորություններ դատական իշխանությունների վրա, և լրացուցիչ տրամադրման, վերահսկման և հակազդման մեխանիզմներ հանձնել գործադիրին՝ ուղղակի կլինի հակաժողովրդավարական և կհակասի իրավունքի և իշխանությունների տարանջատման հիմնարար սկզբունքին», – ասաց Արթուր Ղազինյանը։

Վենետիկի հանձնաժողովի հրապարակած արձանագրության մեջ, հիշեցնենք, նշված էր. Եվրոպայից ժամանած պատվիրակությանի հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար։ Նշված էր նաև՝ Եվրոպայից ժամանած պատվիրակությունը և ՀՀ իշխանությունները համաձայնության են եկել, որ վեթինգի փոխարեն պետք է ուժեղացնել կարգապահական ընթացակարգերը՝ դրանք կապակցելով եկամուտների և գույքի հայտարարագրման համակարգին։

«Թեման այլևս սպառված է, իշխանություններն էլ հանձնվեցին, իրենք էլ հասկացան, որ իրենց իսկ բարձրացրած օրակարգը բացարձակ արհեստական էր և քաղաքական պոպուլիզմին բնորոշ։ Փորձել քաղաքական պոպուլիզմը տեղավորել իրավական հարթությունում՝ ուղղակի անթույլատրելի է և դատապարտված է ձախողման։ Իրավունքը ճշգրիտ և շատ լուրջ գիտություն է, որպեսզի այդտեղ զբաղվեն պոպուլիզմով», – ասաց Արթուր Ղազինյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում