Աշխատանքից ազատվել է անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչության պետը

Աշխատանքից ազատվել է անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչության պետը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հրամանով հուլիսի 12-ից դադարեցվել են անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչության պետ Հմայակ Հակոբյանի լիազորությունները՝ «ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու և ոչ պատշաճ կատարելու համար»։ Հրամանին նախորդել է որոշումը՝ խիստ կարգապահական տույժ նշանակելու մասին, իսկ դա կայացվել է ծառայողական քննության արդյունքի և եզրակացության հիման վրա։

Կոմիտեի կայքից տեղեկանում ենք, որ այս մասին տեղեկացնելով աշխատանքային խորհրդակցության այսօրվա մասնակիցներին, Սարհատ Պետրոսյանն ասել է. «Հստակ է՝ եթե որևէ ստորաբաժանման ղեկավար ձախողում է կամ չի աջակցում մեր որդեգրած բարեփոխումային ծրագրերին՝ մեզ հետ ճանապարհ չունի անցնելու, հատկապես դրանց համար պատասխանատու պաշտոններում։ Իսկ որպես վարչության պետ ունեցած վատ արդյունքից բացի, «փնթի» գործողություններն այլ ինչ հետևանքներ կունենան, ես չգիտեմ»։

Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի IT խորհրդական Դավիթ Ամատունին զեկուցել է, թե ինչ են պարզել բոլոր գրասենյակներում անցկացվող՝ տեսաներածման սարքավորումների վիճակն ու կարիքները գնահատելիս։ Հստակ հաշվարկված է, թե քանի և որ գրասենյակներում են սարքավորումները «բարոյապես շատ հնացած» կամ բազմաֆունկցիոնալ, ինչը փաստաթղթեր լուսապատճենելու դեպքում ավելի վատ է, քան հին սարքերը։

Կվերլուծվի, թե որտեղ կոնկրետ ինչ սարքավորում պետք է տեղադրել։ Սարհատ Պետրոսյանն առաջարկել է ժամանակավոր լուծում գտնել՝ քիչ թե շատ որակյալ լուսապատճենում ապահովելու համար, բայց գնումները մի փոքր հետաձգել, որպեսզի բացառվի կրկնակի ծախսը։ Բանն այն է, որ սեպտեմբեր ամսին ժամանելու են «Թայեքսի» և միջազգային այլ ընկերությունների փորձագիտական առաքելությունները, որոնք հայկական կադաստրի արխիվների թվայնացումից առաջ գնահատելու են նաև այդ սարքավորումների որակական կարիքները։

Խորհրդակցության ժամանակ Սարհատ Պետրոսյանը ներկայացրել է ԱՄՆ-ում օրերս ավարտված ֆորումին իր և տեղակալ Լևոն Մելիքյանի մասնակցության արդյունքը՝ այն որակելով շատ արդյունավետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում