Իրանի ԱԳ նախարարը կարծում է, որ Թրամփը պատերազմ չի ցանկանում հանրապետության դեմ

Իրանի ԱԳ նախարարը կարծում է, որ Թրամփը պատերազմ չի ցանկանում հանրապետության դեմ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում պատերազմ սկսել Թեհրանի դեմ, սակայն Միացյալ Նահանգների ղեկավարի շրջապատի անձինք ցանկանում են դա: Այս կարծիքն Իրանի ԱԳ նախարարության ղեկավարը հայտնել է NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հուլիսի 15-ին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ես չեմ կարծում, թե նախագահ Թրամփը պատերազմ է ցանկանում, բայց ենթադրում եմ, որ նրանք, ովքեր նրան շրջապատում են, դեմ չէին լինի»,- ասել է Զարիֆը: «Կարծում եմ, որ նախագահ Թրամփը հրապարակորեն հայտարարել է, որ իրենք ձգտում են հասնելու դրան, բայց չեմ կարծում, թե նրանց մոտ կստացվի, քանի որ վերջին հաշվով կգերակշռի ողջամտությունը»,- հավելել է նա:

Նախարարն արձանագրել է, որ «Իրանը խոշոր եւ հպարտ պետություն է»: «Մենք թեթեւամտորեն չենք վերաբերվում ռազմական հարվածին»,- ընդգծել է Զարիֆը: Զարիֆին նաեւ տրվել է հարց այն մասին, թե ինչու է, նրա կարծիքով, Թրամփը հրաժարվել հունիսի վերջին Իրանին հարված հասցնելու մտադրություններից: «Կարծում եմ, գերակշռել է ողջամտությունը: Մարդիկ հասկացել են, որ դա սահմանափակ գործողություն չի լինի»,- ասել է նախարարը: Իարնի ԱԳ նախարարության ղեկավարը նաեւ հայտնել Է, որ Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ կոնսուլտացիաների, եթե ԱՄՆ-ը վերացնի երկրի դեմ ավելի վաղ սահմանած սահմանափակումները: «Երբ պատժամիջոցները վերացվեն, այն ժամանակ հնարավորություն կհայտնվի բանակցությունների համար»,- ասել է նա: Զարիֆն արձանագրել է, որ ամերիկյան ատժական միջոցների պատճառով տառապում են Իրանի քաղաքացիները, այդ թվում «մարդիկ, որոնք դեղորայքի, հատուկ խնամքի կարիք ունեն», – հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում