Հանրությունը պետք է տեղեկանա հարցի բոլոր նրբություններին և լուրջ վերաբերմունք ցուցաբերի. Արցախի ԱԺ փոխնախագահ

Հանրությունը պետք է տեղեկանա հարցի բոլոր նրբություններին և լուրջ վերաբերմունք ցուցաբերի. Արցախի ԱԺ փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Կարծում եմ, որ երկրի կայունության և զարգացման համար լավագույն ձևը ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելն է, որովհետև եթե այդ իշխանությունն ուժի դիրքերից է ձևավորվում, ապա նման երկիրը որևէ ձևով ապագա ունենալ չի կարող: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի փոխնախագահ, «Դաշնակցություն» խմբակցության անդամ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով Արցախի ներքաղաքական իրավիճակին և սպասվող զարգացումներին:

– Օրեր առաջ կայացավ ՀՅԴ Արցախի մարմնի շրջանային ժողովը, որից հետո հնչեց պաշտոնական հայտարարություն: Ըստ էության, հենց այդ հայտարարությունով ՀՅԴ Արցախի կառույցը ներգրավվեց 2020 թ. համապետական ընտրություններին ընդառաջ տեղի ունեցող զարգացումներում, այն դեպքում, երբ որոշ քաղաքական ուժեր և անհատներ արդեն ամիսներ է, ինչ այդ պրոցեսների մեջ են: Այս ֆալստարտը կարո՞ղ է իր ազդեցությունը ունենալ, արդեն բուն ընտրական գործընթացների վրա:

– Վաղաժամկետ քարոզարշավին ես բացասաբար եմ վերաբերվում, որովհետև դա ինչ-որ տեղ հակասում է Սահմանադրությամբ կյանքի կոչված իրավակարգավորումներին:

Եթե նկատել եք, վաղաժամ մեկնարկած ընտրարշավը նաև պատճառ է դարձել մարդկանց կողմից տեղեկատվական հարթակներում միմյանց նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորմանը և այս ամենը չի նպաստում որպեսզի մենք կայուն երկիր ունենանք:

– Արցախի արդեն նախկին դատախազ Արթուր Մոսիյանը, ընտրվելով ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամ, հրաժարական ներկայացրեց՝ ելնելով դատախազի պաշտոնի և քաղաքական ու կուսակցական աշխատանքի անհամատեղելիությունից: Տեղեկություններ կան, որ հենց նա է լինելու ՀՅԴ թեկնածուն՝ Արցախի նախագահական ընտրություններում:

– Մենք նման հարց չենք քննարկել: Պարզապես Արթուր Մոսիյանը դարձյալ վերադառնում է քաղաքական գործունեության և այս քաղաքական գործընթացներին ավելի ակտիվ մասնակցություն ունենալու նկատառումով նա նույնպես ընտրվել է ՀՅԴ կենտրոնական կոմիտեի անդամ:

– Բնականաբար տեղյակ եք, որ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը կողմնակիցների հետ նախաձեռնել է սահմանադրական փոփոխությունների գործընթաց՝ մասնավորապես Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի փոփոխություն, որոնք սահմանում են քաղաքացիությանը և բնակության վայրին վերաբերող դրույթները: Փորձագետների կարծիքով, այստեղ առաջանում են իրավական խնդիրներ՝ կապված և Արցախի և ՀՀ Սահմանադրության հետ: Ի՞նչ տեսակետ ունեք այս նախաձեռնության վերաբերյալ:

– Այս հարցում մենք պետք է բավականին զգույշ լինենք: Այստեղ խնդիրը Սամվել Բաբայանը չէ, կամ որևէ այլ անհատ: Նախ՝ խնդիրն այն է, որ նման փոփոխության դեպքում հակասություն է առաջանում Սահմանադրության հենց առաջին հոդվածի առաջին մասի հետ:

Բացի այդ խնդիրներ կարող են առաջանալ նաև բանակցային գործընթացում, քանի որ նման պարագայում Ադրբեջանը կարող է մեղադրանքներ ներկայացնել Հայաստանին: Արդյո՞ք այս պահին նման փոփոխությունը հնարավորություն կտա ապահովել խաղաղության պահպանման և բանակցային գործընթացն իր հունով տանելու շարունակականությունը:

Այնպես որ այստեղ բազմաթիվ իրավական հարցեր կան, որ կարող են խնդիրներ առաջացնել Արցախի համար: Հանրությունը պետք է տեղեկանա հարցի բոլոր նրբություններին և լուրջ վերաբերմունք ցուցաբերի:

– Տեղեկություններ են շրջանառվում, որ Սամվել Բաբայանն իր կողմնակիցների միջոցով ընդհուպ զանգվածային անկարգությունների միջոցով ցանկանում է հասնել նախաձեռնության իրականացմանը: Նման տարբերակը, ըստ Ձեզ, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ:

– Դա ինքնին նշանակում է երկիրը կանգնեցնել քաղաքացիական պատերազմի շեմին, այսինքն՝ հակամարտություն առաջացնել հասարակության տարբեր շերտերի միջև: Այս պահին հասարակության շրջանում կան տարբեր մոտեցումներ և այս պարագայում նման միտումներն անչափ վտանգավոր է՝ մանավանդ Արցախի պես երկրի համար: Պետք խոհեմ է գտնվել և այս երեսուն տարիների ընթացքում ստեղծած պետականության հիմքերին մի նոր բան ավելացնել՝ ճանաչման գործընթացը ակտիվացնել, տնտեսությունը զարգացնել, ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդել և այլն: Մենք չենք կարող այս փոքրաթիվ հասարակության մեջ բաժանարար գծեր տանել:

– Նախընտրական զարգացումների փուլում ի՞նչ ուղենիշներով է շարժվելու ՀՅԴ Արցախի կառույցը: Օրակարգում կա՞ն այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության հնարավոր տարբերակներ:

– Դաշնակցության համար ամենագլխավորը պետականությունն է և այդ ընտրությունները պետք է ծառայեն դրա ամրապնդմանը: Սա է մեր հիմնական մոտեցումը և պատահական չէ, որ օրեր առաջ շրջանային ժողովում երկու հիմնական գաղափար է շոշափվել: Առաջինը՝ մենք առաջարկում ենք համազգային օրակարգ ձևավորել և այդ համազգային օրակարգի շուրջ փորձել հավաքել քաղաքական ուժերին, խորհրդակցել և արդյունքում նախագահական ընտրություններում առաջադրել միասնական օրակարգը արտացոլող թեկնածուի: Սա իհարկե բավականին բարդ գործընթաց է, բայց մենք ցանկանում ենք այն նախաձեռնել և քաղաքական ուժերի հետ քննարկել: Երկրորդ գաղափարն այն է, որ եթե մեզ չհաջողվի այդ օրակարգի շուրջը հասնել արդյունքի, ապա մենք աշնանը կգումարենք արտակարգ ժողով և արդյունքում Դաշնակցությունը կառաջադրի իր թեկնածուին: Այսինքն սա ինչ որ տեղ կոչ է մեր քաղաքական ուժերին, որ պետք է կուսակցական և անձնական շահերից վեր կանգնել և հանուն Արցախի ապագայի փորձել միասնական ճակատով գնալ ընտրությունների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում