Ավինյանի, Միրզոյանի ու Մնացականյանի ԱՄՆ այցերից ակնկալիքներն առանձնապես մեծ չեն. Հասմիկ Վարդանյան

Ավինյանի, Միրզոյանի ու Մնացականյանի ԱՄՆ այցերից ակնկալիքներն առանձնապես մեծ չեն. Հասմիկ Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Այս շաբաթ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում գերակշում է ամերիկյան ուղղությունը: Աշխատանքային այցով ԱՄՆ-ում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը (հուլիսի 15-20) և Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը (հուլիսի 14-26): Հուլիսի 18-ին աշխատանքային այցով Միացյալ Նահանգներ կմեկնի նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս վիճակի և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների այցերից ակնկալիքների մասին Times.am-ը զրուցել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանի հետ:

«Հայ-ամերիկյան հարաբերություններում առաջընթաց արձանագրելու հարցում ընթացիկ այցերի հետ հույսեր կապել առանձնապես չարժե: Երեք այցերն էլ աշխատանքային են. Տիգրան Ավինյանը Նյու-Յորքում մասնակցելու է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին և այլ միջոցառումների, Զոհրաբ Մնացականյանը՝ Վաշինգտոնում կայանալիք «Կրոնի ազատության նախարարական համաժողովին», ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ հայտարարված հանդիպումներ նախատեսված չեն: Հայ-ամերիկյան օրակարգին առնչվող որոշակի ակնկալիքներ կարող են լինել Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության այցից, լրատվամիջոցների փոխանցմամբ, նախատեսվում են հանդիպումներ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի, Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միչ ՄըքՔոնելի, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ», – նշեց փորձագետը:

Ինչ վերաբերում հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս վիճակին, Հասմիկ Վարդանյանը նշեց, որ չնայած Հայաստանը և Միացյալ Նահանգներն այս տարի ռազմավարական երկխոսություն են սկսել, սակայն տեսանելի էական առաջընթաց երկկողմ հարաբերություններում վերջին մեկ տարվա ընթացում չի արձանագրվել. «ԱՄՆ կողմից Հայաստանին ֆինանսական աջակցության մեծացման մասին օրինագիծը, որին հաճախ հղվում են ցույց տալու համար ԱՄՆ հետ հարաբերություններում մեր «ձեռքբերումները», դեռևս ընդունվել է միայն Ներկայացուցիչների պալատի մակարդակով: Ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագծերը պետք է հաստատվեն Սենատի, այնուհետև նախագահի կողմից: Ուստի, դրանք որպես ձեռքբերում, ներկայացնելն այս փուլում առնվազն վաղ է»:

«Թեև 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո և՛ հասարակության, և՛ ՀՀ իշխանությունների մոտ ձևավորվել էին ակնկալիքներ ԱՄՆ հետ հարաբերություններում առաջընթացի առումով, սակայն իրականում որևէ փոփոխություն այս ուղղությամբ չարձանագրվեց: ՀՀ իշխանություններին չհաջողվեց ԱՄՆ հետ հարաբերություններում կապիտալացնել հեղափոխության արդյունքները, ինչի կապակցությամբ պաշտոնական Երևանը պարբերաբար բողոքում է՝ այդ թվում նաև վարչապետի մակարդակով:

Հայ-ամերիկյան հարաբերություններում այսօր կենտրոնական տեղ են զբաղեցնում տարածաշրջանային հարցերը՝ մասնավորապես Իրանի հետ հարաբերությունները: Այս հարցում Վաշինգտոնի ճնշման մասին իր այցի ընթացքում խոսել է նաև Արարատ Միրզոյանը, ում խոսքից տպավորություն է ստեղծվում, որ դիվանագիտական խողովակներով այդ ուղղությամբ չենք կարողանում արդյունավետ աշխատել:

Հայ-ամերիկյան հարաբերություններում հեղափոխությունից հետո ճեղքում չլինելու մասին է վկայում նաև այն, որ չնայած Երևանի ջանքերին, Փաշինյան-Թրամփ հանդիպում չհաջողվեց կազմակերպել: Ի դեպ, չենք ունեցել նաև արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով հանդիպում»,– եզրափակեց փորձագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում