Ռոբերտ Քոչարանի գրասենյակը քաղաքական դրդապատճառներ է տեսնում նախագահի գործով դատավորի աշխատասենյակի խուզարկության մեջ

Ռոբերտ Քոչարանի գրասենյակը քաղաքական դրդապատճառներ է տեսնում նախագահի գործով դատավորի աշխատասենյակի խուզարկության մեջ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը ցույց է տալիս իրավապահ մարմինների գործողությունների քաղաքական դրդապատճառը։ Ռիա նովոստիի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասնեյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը ավելի վաղ հայտնել էր, որ դատավորի աշխատասենյակում խուզարկությունն իրականացվել է ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։ Այլ մասնրամասներ նա չէր հաղորդել։

«Այդ իրադարձությունը, բնականաբար, շատ հարցեր է առաջ քաշում, որովհետև խուզարկություն է եղել այն դատավորի աշխատասենյակում, որը քննում է «Մարտի 1»-ի գործը և Արցախի գործող և նախկին նախագահների երաշխավորությամբ ազատ է արձակել Ռոբերտ Քոչարյանին»,– ասել է Սողոմոնյանը։

Նա նշել է, որ գործի մանրամասներին տեղյակ չէ, չի ուզում պնդել, թե ինչքանով դա ունի քաղաքական դրդապատճառ։ «Բայց, իմ հայացքով, միանշանակ դրդապատճառներ կան։ Ես չեմ հիշում դեպք, որ այս ամբողջ ժամանակահատվածում նմանատիպ գործողություն իրականացված լինի որևէ այլ դատավորի նկատմամբ»,- ասել է Վ. Սողոմոնյանը։

Նա նշել է, որ նաև չի հիշում դեպք, երբ ուսումնասիրեին այլ դատավորի թեկնածուական ատենախոսություն՝ կապված գրագողության հետ, ինչպես օրինակ, Ալեքսանդր Ազարյանի, որը նույնպես անցած տարվա օգոստոսին որոշում էր կայացնել կալանքից ազատել Ռոբերտ Քոչարյանին։

«Այս ամենը չի կարող հարցեր չառաջացնել և համատեքստից առայժմ երևում է, որ մենք իրավապահ մարմինների գործողություններում գործ ունենք քաղաքական դրդապատճառի հետ։ Սպասենք դեպքերի զարգացմանը, որպեսզի անենք վերջնական եզրակացություններ»,- ասել է Վ. Սողոմոնյանը։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, հունիսի 25-ին բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով դատախազության, տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի բողոքները։ Նրանք բողոքարկել էին մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում