$100 մլն Ադրբեջանին և $7 մլն Հայաստանին. Վաշինգտոնն ընդգծում է իր պրագմատիկ քաղաքականությունը Հարավային Կովկասում

$100 մլն Ադրբեջանին և $7 մլն Հայաստանին. Վաշինգտոնն ընդգծում է իր պրագմատիկ քաղաքականությունը Հարավային Կովկասում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, 2018-2019 ֆինանսական տարվա համար Ադրբեջանին հատկացնելով ավելի քան 100 միլիոն դոլարի անվտանգության ոլորտի օժանդակություն, ընդգծում է Վաշինգտոնի պրագմատիկ քաղաքականությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ հիշեցնելով, որ նույն ժամանակահատվածի համար Հայաստանին նախատեսվում է տրամադրել ընդամենը 7 միլիոն դոլարի օգնություն։

«Սա շատ կարևոր թեմա է։ Միացյալ Նահանգներն անվտանգության ոլորտում Ադրբեջանի հետ բավական ակտիվ է համագործակցում և տարբեր տարիների ընթացքում տարբեր չափի ֆինանսական միջոցներ է հատկացրել այդ երկրի պաշտպանության նախարարությանը և ուժային կառույցներին։ ԱՄՆ-ն և Ադրբեջանը շատ ակտիվ համագործակցում են սահմանային անվտանգության ապահովման ոլորտում։ Իհարկե, այս պարագայում խոսքը Կասպից ծովի սահմանային անվտանգության մասին է։ Նրանք շատ ակտիվ համագործակցում են նաև ապօրինի թմրամիջոցների և ահաբեկչության դեմ պայքարի բնագավառներում», – նշեց մեր զրուցակիցը։

Սուրեն Սարգսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանն ԱՄՆ-ի համար կարևոր նշանակություն ունի նաև Աֆղանստանի հետ տարվող քաղաքականության տեսանկյունից։

«Ադրբեջանը յուրահատուկ տրանզիտային տարածք է տրամադրել Միացյալ Նահանագներին, և ամերիկյան զինամթերքը հենց Բաքվի միջոցով է տեղափոխվում դեպի Աֆղանստան։ Սա մեր տարածաշրջանում զգալիորեն բարձրացնում է Ադրբեջանի դերն ու նշանակությունը Միացյալ Նահանգների համար։ Չմոռանանք, որ ԱՄՆ նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի գնահատմամբ՝ Ադրբեջանը և Վրաստանը Միացյալ Նահանգների համար ռազմավարական նշանակություն ունեն, իսկ Հայաստանը՝ բարձր առաջնահերթության։ Հենց այս ամենով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ Ադրբեջանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարները շուրջ մեկ տարի առաջ հանդիպել էին Միացյալ Նահանգների պաշտպանության քարտուղարին և պետքարտուղարին։ Մեր դեպքում նման հանդիպում դեռևս տեղի չի ունեցել։ Իսկ սա շատ կարևոր և խոսուն հանգամանք է», – նշեց Սուրեն Սարգսյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ Ադրբեջանին 100 միլիոն դոլարի ռազմական օգնություն ցուցաբերելու ԱՄՆ-ի քայլը հիմնավորված է Իրանի դեմ տարվող քաղաքականության շրջանակով։

«Կասպից ծովում անվտանգության ապահովումը չափազանց կարևոր խնդիր է, քանի որ Իրանը նույնպես այնտեղ սահման ունի։ Այս առումով Միացյալ Նահանգները հետաքրքրված է, որպեսզի որոշակի ազդեցություն ունենա Կասպից ծովում։ Ըստ էության, աջակցելով Ադրբեջանին, Վաշինգտոնը կարևոր հարց է լուծում՝ գոնե փոքր ներկայություն և ազդեցություն ունենալով Կասպից ծովի ավազանում։

ԱՄՆ-ը, որոշակի ռիսկեր հաշվի առնելով, ֆինանսավորում է Ադրբեջանին, բայց այստեղ կարևորն այն է, որ Միացյալ Նահանգները չի պահում Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռությունը։ Ադրբեջանը ստանում է մի քանի անգամ ավելի ֆինանսական աջակցություն, քան Հայաստանը, և սա խոսում է Վաշինգտոնի առաջնահերթությունների մասին։ Ամենևին կարևոր չէ՝ այդ 100 միլիոն դոլարն արդեն փոխանցվե՞լ է Ադրբեջանին, թե առայժմ ոչ. ավելի կարևոր է, որ գումարը նախատեսված է ԱՄՆ-ի բյուջեով և այսօր կամ վաղը կարող է փոխանցվել։ Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք պետք է ավելի արդյունավետ աշխատեինք ամերիկացի մեր գործընկերների հետ, որպեսզի բալանսի պահպանման համար Հայաստանը ևս ֆինանսական համարժեք աջակցություն ստանար», – հայտարարեց Սուրեն Սարգսյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում