ԲԴԽ անդամները հանդիպելու են դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ

ԲԴԽ անդամները հանդիպելու են դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Բարձրագույն դատական խորհուրդը նախապես տեղեկացված է եղել, որ Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն է կատարվելու։ Լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։ Նա նշեց, որ իրենք այսօր հանդիպելու են դատավորի հետ։

Դատավոր Դավիթ Գրիգորյանի իրավունքների խախտման վերաբերյալ փաստաբան Գեորգի Մելիքյանը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ։ Գ. Բեքեմզյանն ասաց, որ իրենց դեռ ոչինչ չի տրամադրվել, միայն բոլոր թղթերը, նյութերը տեսնելուց, դատավորի հետ հանդիպելուց հետո կարող են կարծիք կազմել, իրենց դիրքորոշումը հստակեցնել։

«Կապի մեջ ենք եղել դատավորի հետ։ Այսօր առավոտյան զանգել ենք իրեն, խնդրել ենք հանդիպում։ Բացատրություն չենք պահանջելու Դավիթ Գրիգորյանից, այլ խոսելու ենք, հասկանալու, թե այս գործողությունները որքանով են ազդել նրա՝ որպես դատավոր գործունեության, անկախության, անաչառության վրա»,- ասաց ԲԴԽ անդամը։

Հարցին, թե Դ. Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկելու և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի միջև կա՞պ տեսնում եք, Գ. Բեքմեզյանն ասաց. «Դեռևս ոչ մի գործի հետ կապված կապ չեմ տեսնում»։

Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ, մայիսի 18-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ընտրված կալանավորումը փոփոխեց, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց Արցախի Հանրապետության նախկին ու ներկա նախագահների՝ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի անձնական երաշխավորությունը։

Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկվել է հուլիսի 16-ին։ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը Panorama.am-ին ասել էր, որ խուզարկությունն իրականացվել է ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում