Վահագն Վարագյան. ԵՊՀ-ում ուժային մեթոդներով փորձում են լուծարել կենտրոնն ու ազատվել ինձանից

Վահագն Վարագյան. ԵՊՀ-ում ուժային մեթոդներով փորձում են լուծարել կենտրոնն ու ազատվել ինձանից

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը 90-ական թվականներից գործող կենտրոնի լուծարման նախաձեռնությունները մեկնաբանում է երեք ասպեկտով՝ բարոյական, իրավական, քաղաքական։

«Բարոյական ասպեկտը հետևյալն է. երբ երկու ամիս առաջ ԵՊՀ հոգաբարձուների նիստում ընտրվում էր ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար, խորհրդի նախագահը մի քանի անգամ շեշտեց, որ պաշտոնակատար ընտրվում է օպերատիվ կառավարման համար։ Օպերատիվ խնդիրներից մեկն էլ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարումն է, ըստ երևույթին»,- լրագրողների հետ ընթացող հանդիպմանը նկատեց Վարագյանը։

Նա նշեց, որ հոգաբարձուների խորհրդի անդամ, նախկին ԿԳ փոխնախարար, այժմ ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն առաջարկել է, որ գործող ստորաբաժանումների մասին սկսեն քննարկումներ, դրանք իրենց գործունեության վերաբերյալ հիմնավորումներ ու գնահատականներ ներկայացնեն։

Վարագյանի խոսքով, դրանից մեկ ամիս հետո հոգաբարձուների խորհրդի նիստում կառուցվածքային ստորաբաժանումների հարցն է քննարկվել, որում ներառված է եղել նաև Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը Շրջանավարտների ու կարիերայի կենտրոնի հետ միավորելու հարցը։

«Հենց այդ նիստում հոգաբարձուների խորհրդի նախագահն առաջարկեց քննարկել նաև կենտրոնի լուծարման հարցը։ Նկատեմ, որ նիստում նման առաջարկով հանդես գալ անօրինական է։ Հետո հարցը դրվեց քննարկման և չընդունվեց։ Կարող եմ ասել, որ հարցի բարոյական մասն իր մեջ ներառում է նաև քաղաքականը։ Առաջարկը չընդունվելուց հետո Հովհաննես Հովհաննիսյանը, եթե նայեք այդ օրվա ուղիղ եթերները, ապա տեսանելի է, սմս է ուղարկում, ապա տասը րոպե անց պատասխան ստանում։ Հեռախոսը մի կողմ դնելուց հետո կրկին առաջարկում է անդրադառնալ կենտրոնի լուծարման խնդրին։ Ես տեսնում եմ, որ իշխանությունների կողմից հստակ ուղղորդում կա, որպեսզի Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը լուծարվի»,- ասաց Վարագյանը, ավելացնելով, որ այս հարցն հաջորդ նիստում ներառում են քվեարկության դնել հարցման կարգով։

Կենտրոնի գործող տնօրենն ընդգծում է՝ փորձում են ամեն ինչ անել, որ կենտրոնը անօրինական ձևով լուծարվի։

Ինչ վերաբերում է հարցի քաղաքական կողմին, ապա այսօր նա հստակ հայտարարեց, որ չի կիսում գործող իշխանությունների կարծիքը, համամիտ չէ նրանց կառավարման մեթոդների հետ։

«Հիմա ես գտնում եմ, որ իմ քաղաքական հայացքների համար փորձում են ուժային մեթոդներով լուծարել Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը և ազատվել այլակարծությունից, ինչպես նաև ինձանից, չնայած իմ աշխատանքային հարաբերություններում, իմ պարտականությունների կատարման ժամանակ երբեք քաղաքական դիրքորոշումը չեմ խառնել»,– ասաց կենտրոնի ղեկավարը։

Ինչ վերաբերում է խնդրի իրավական մասին, ապա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստն անօրինական է համարում, որը ոտնահարում է ԵՊՀ կանոնադրությունը։

«Ըստ կանոնադրության, ԵՊՀ կառուցվածքային, ստորաբաժանումների լուծարման, միավորման ու նման հարցերը պետք է գիտական խորհորդում քննարկվեն, ապա ռեկտորը ներկայացնի հոգաբարձուների խորհրդի հաստատմանը։ Այս պարագայում հարցը քննարկվում է հոգաբարձուների խորհրդի նախագահի առաջարկությամբ, ինչի իրավունքը նա չուներ առանց գիտական խորհրդի հավանության»,– ասաց Վարագյանը։

Նա պնդում է, որ կենտրոնի վերաբերյալ պատրաստված հիմնավորումներն էլ խեղաթյուրված են, ամբողջությամբ չեն ներկայացնում ուսանողների հետ տարվող աշխատանքները։

«Եվ ամենակարևորը, հոգաբարձուների խորհրդի նիստ են անցկացրել առանց օրակարգի հաստատման։ Քիչ թե շատ իրավական գիտելիքներ ունեցող ցանկացած մարդ կարող է փաստել, որ ցանկացած նիստում սկզբում օրակարգն է հաստատվում։ Իսկ այս պարագայում առանց օրակարգը հաստատելու, փորձում են արագ գործել ու ազատվել Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնից»,- ասաց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում