Սինանյանի առաջին այցը ցույց տվեց, որ այն, ինչի համար սփյուռքի նախարարությանը քննադատում էին, անհրաժեշտություն էր. Հերմինե Մխիթարյան

Սինանյանի առաջին այցը ցույց տվեց, որ այն, ինչի համար սփյուռքի նախարարությանը քննադատում էին, անհրաժեշտություն էր. Հերմինե Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հուլիսի 18-23-ը հնգօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում էր սփյուռքի հարցերով նորանշանակ գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Մի շարք հանդիպումներ տեղի ունեցան Ռուսաստանի հայկական համայնքի, ՀՅԴ Հայ դատի մոսկովյան հանձնախմբի ներկայացուցիչների հետ, այցի ավարտին Զարեհ Սինանյանը հանդիպեց նաև ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ: Այցի օրակարգի, արդյունքների ու հետագա ակնակալիքների շուրջ Times.am-ը զրուցել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի հետ:

«Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանի նշանակումը սփյուռքի հարցերով հանձնակատարի պաշտոնում ոչ միանշանակ էր ընդունվել սփյուռքի հայկական շատ գաղթօջախներում: Այս տեսանկյունից առաջին այցի՝ դեպի Ռուսաստան ընտրված ուղղությունը հասկանալի ու տրամաբանական է: Տրամաբանական էր նաև այցի ու հանդիպումների օրակարգը. նորանշանակ հանձնակատարը ծանոթության փուլում է», – նշեց փորձագետը:

Բավարա՞ր էր արդյոք հինգ օրը Ռուսաստանի հայության խնդիրների հետ ծանոթանալու համար: Փորձագետի համոզմամբ՝ իհարկե ոչ: «Սակայն բավարար էր հասկանալու համար, որ այն, ինչի համար նախկինում գործող սփյուռքի նախարարությանը քննադատում էին, ավելորդ էին համարում, իրականում անհրաժեշտություն է: Խոսքը, օրինակ, սփյուռքի հայկական գաղթօջախների համար հայերեն գրքերի, հատկապես՝ դպրոցական ձեռնարկների մասին է: Հատկանշական է, որ սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպման հենց առաջին օրը բարձրացվեց այս հարցը, ինչին ի պատասխան Սինանյանը նախ նշեց, որ իրենց կառույցն այլևս չի զբաղվելու գրքեր տպելով, ապա, լսելով համայնքի ներկայացուցիչներին, հայտարարեց, որ հավանաբար, ամեն դեպքում կզբաղվեն դրանով: Սա ընդամենը մեկ օրինակ է», – նշեց փորձագետը՝ հավելելով, որ սփյուռքի նախարարությանը փոխարինելու եկած գլխավոր հանձնակատարի գրասենյակն առաջին հերթին իր կազմով և դրանում սփյուռքի հիմնական գաղթօջախների ներգրավման ապահովմամբ պիտի վկայի այն մասին, որ հայկական սփյուռքի բոլոր շերտերի ու հատվածների խնդիրները հասկացվում, ընկալվում են և դրանց լուծման ուղղությամբ սրտացավ ու հետևողական աշխատանք է իրականացվում: «Նորաստեղծ մարմնի կազմում պիտի իրենց ներգրավվածությունն ունենան ինչպես Ռուսաստանի, այնպես էլ հայկական սփյուռքի այլ խոշոր համայնքների ներկայացուցիչները, ինչը կլուծի մի շարք խնդիրներ, այդ թվում և այն, որ սփյուռքի հետ աշխատանքների համակարգումը վստահվել է սփյուռքի կոնկրետ մի համայնքը ներկայացնող գործչին», – ամփոփեց փորձագետը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում