Մարությանին այսօր հիշեցրել են նախընտրական խոստումը

Մարությանին այսօր հիշեցրել են նախընտրական խոստումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Մայրաքաղաքում օրեցօր վատացող աղբահանության մասին ահազանգում են բոլորը։ Շենքերի հարևանությամբ մի քանի մետր բարձրացած աղբի նկարներ սոցկայքեր ներբեռնում են հարյուրավոր մարդիկ։ Տարածվող հոտից բողոքում են բոլորը։ Սակայն իրավիճակի բարելավման խոստումներ առայժմ չկան, առկա վիճակի հնարավոր վտանգների մասին զգուշացումներ ու կանխատեսումներ էլ չկան։

Մտածում են՝ կբողոքեն, կանցնի կգնա։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, Արման Ղուկասյանն այսօր նամակով հիշեցրեց նախընտրական շրջանում տված խոստումների մասին, որոնք չեն կատարվել։ Ղուկասյանը քաղաքապետից հետաքրքվում է՝ ինչպիսի ուղիներ է տեսնում քաղաքապետարանը այս խնդրի լուծման համար։

Նամակում, որը փոխանցվեց քաղաքապետարան, ասված է.

«Հարգելի պարո՛ն Մարության, Ձեզ եմ դիմում քաղաքի աղբահանության ոլորտում տիրող արտառոց իրավիճակի առնչությամբ:

Ես՝ որպես Երևանի բնակիչ, կարող եմ արձանագրել, որ մեր մայրաքաղաքի աղբահանության խնդիրը երբեք այդքան սուր չի եղել, որքան այս օրերին: Քաղաքի աղբամանները գրեթե ամենուրեք լեփ-լեցուն են. նրանց շուրջն ընկած են աղբի կույտեր, որոնք հավաքվում են ոչ կանոնավոր կերպով կամ իսպառ անտեսվում են պատկան ծառայությունների կողմից: Վերջերս «Սանիտեք» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է ֆինանսական դժվարությունների մասին, որոնք, ընկերության խոսքերով, պայմանավորված են քաղաքապետարանի կողմից կիրառվող չարդարացված պատժամիջոցներով:

Ընկերությունը պնդում է, որ հենց այս պատճառով է, որ այն չի կարողանում իրականացնել աղբահանության ոլորտում իր ստանձած պարտականությունները: Երևան քաղաքի բնակիչներին չի կարող չհետաքրքրել այն հարցը, թե ինչ պատժամիջոցների և տուգանքների մասին է խոսքը:

Յուրաքանչյուր ամիս Երևանի բնակիչները գումար են վճարում աղբահանության ծառայությունների դիմաց, սակայն փոխարենը չեն ստանում ծառայությունների պատշաճ մակարդակ: Ձեր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Դուք խոստացել էիք Երևանի բնակիչներին, որ մայրաքաղաքում կհայտնվեն աղբահանության նոր օպերատորներ:

Սակայն, այս ուղղությամբ դեռևս առաջընթաց չկա: Չե՞ք կարծում արդյոք, որ իր պարտականությունները կատարել չկարողացող ընկերություն-օպերատորը պետք է փոխարինվի: Կամ էլ գուցե խնդիրն այն է, որ քաղաքապետարանը, չափազանց մեծ վարչական ճնշում գործադրելով «Սանիտեք» ընկերության վրա, ինքն է ստեղծել աղբահանության ճգնաժամը: Այդ դեպքում քաղաքային իշխանությունները պետք է փոխեն իրենց մոտեցումը օպերատորի հետ փոխհարաբերությունները կառուցելու գործում:

Ես՝ որպես «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ և բնիկ երևանցի, կսպասեմ ձեր պատասխանին, որով, մասնավորապես, ես կցանկանայի տեղեկանալ, թե ինչպիսի հետագա ուղիներ է տեսնում քաղաքապետարանը այս խնդրի լուծման համար»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում