Արարատյան Հայրապետական թեմն արձագանքում է ասորական եկեղեցու վերաբերյալ բաց նամակին

Արարատյան Հայրապետական թեմն արձագանքում է ասորական եկեղեցու վերաբերյալ բաց նամակին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Արարատյան Հայրապետական թեմից արձագանքում են Դիմիտրովի Ս. Աստվածածին եկեղեցու հետ կապված՝ Հայաստանում ասորական համայնքի ներկայացուցիչների բաց նամակին։

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի պատասխանատու Նոյեմի Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Դիմիտրովի Ս. Աստվածածին եկեղեցու մասին կրկին փաստերով

Նախկինում Ներքին Ղոյլասար կոչվող գյուղում դեռ 19-րդ դարի կեսերին՝ 1840-ականներին, եղել է հայկական համայնք (գյուղի 1/3-ը՝ շուրջ 250 մարդ), որի հոգևոր կարիքները հոգացել են հարևան գյուղի (ներկայում՝ Մխչյան և Մասիս) հայկական եկեղեցիների քահանաները: Այդ գյուղի հայ համայնքի մասին տվյալներ կան արդեն 1846թ.:

Իսկ 1865թ. նույն մատյանում գրառում է արվել ոչ թե հարևան գյուղի եկեղցու անունուվ, այլ՝ Ներքին Ղոյլասարի Ս. Աստվածածին եկեղեցու անունով: Սա նշանակում է, որ 1862թ. հիմնադրված եկեղեցին գործել է առնվազն 1865թ.:

Ի դեպ, եկեղեցու հիմնադրման տարեթվի մասին: Բարավորի վրայի արձանագրության մեջ հստակ երևում է 186-թ. վերջին թիվը հստակ չի, սակայն վերևի կլորությունը ենթադրել է տալիս, որ այն կամ 2 կամ 8 պետք է լինի:

Քանի որ 1865թ. արդեն եկեղեցում մկրտություն է կատարվել, ենթադրում ենք, որ 1862թ եկեղեցին հիմնադրվել ու գործել սկսել է երեք տարի անց: 1913թ. պահպանված եկեղեցու կնիքի նկարից երևում է, որ ունեցել է նաև կենտրոնական գմբեթ, որը, հավանաբար խորհրդային տարիներին քանդվել է:

Այս եկեղեցում 1865-1917թթ սպասավորել են Տեր Ղազար քահանա Տեր Վարդանյանն ու Տեր Արիստակես քահանա Տեր Վարդանյանը: Չափաբերական մատյանների վրա ձեռգրով կամ տպված տարբերակով երևում է, որ դրանք պատլանում են Հայ Առաքելական Եկեղեցու Երևանի թեմին՝ ներկայում՝ Արարատյան Հայրապետական թեմ:

Քանի որ այդ շրջանում Ռուսական կայսրության տիրապետության տակ էինք գտնվում, իսկ նրանք մեր եկեղեցին փորձում էին զրկել շուրջ 300 տարվա պատմությունից, մեզ անվանում էին Լուսավորչականներ:

Մատյանների վրա գրված է՝ Լուսավորչական եկղեցու Երևանի թեմի Ներքին Ղոյլասար եկեղեցու Ս. Աստվածածին եկեղեցի կամ Երևանի Հայոց թեմական Կոնսիստորիայի Ներքին Ղոյլասարի Ս. Աստվածածին եկեղեցի:

Եկեղեցին չէր կարող լինել Հայ Եկեղեցու վարչական իշխանության տակ ու լինել այլ եկեղեցու սրբավայր՝ ոչ ասորական, ոչ ուղղափառ:

Այն, որ ասորական հեղինակները գյուղը նկարագրելիս ասում են, որ գյուղում գործել է երկու եկեղեցի՝ Ս. Կիրիլն ու Ս. Աստվածածինը, դա դեռ չի նշանակում, որ Ս. Աստվածածին եկեղեցին ասորական է: Այն, որ նույն հեղինակը նշում, է, ի թիվս այլ տոների ասորիները նշում էին նաև Ս. Տիրամոր տոնը, դա էլ չի նշանակում, որ եկեղեցին ասորական է:

Մի երկար ժամանակաշրջան՝ շուրջ 25 տարի, եկեղեցում մոմավաճառ է եղել ու եկեղեցին խնամել է ասորի մի կին, ով ասում էր, որ երազում իրեն պատվիրել են վերադառնալ Վենետիկից ու խնամել եկեղեցին: Սա, իհարկե, երախտագիտության արժանի քայլ է ու պետք է շնորհակալ լինել, այդ կնոջը, որ խնամել է եկեղեցին, մարդկանց առաջ բացել է եկեղեցու դռները, որ այստեղ աղոթք հնչի:

Սակայն այդ հանգամանքն էլ եկեղեցուն ասորական ծագում չի կարող վերագրել:

Այսօր էլ եկեղեցու վերանորոգման համար անհրաժեշտ ծախսերի մի զգալի մասը հոգում են հենց ասորիները: Այս եկեղեցեին ունի Առաքելադավան ասորի շատ հետևորդներ, ովքեր սիրով են մասնակցում ծեսերին ու հոգևոր կյանքին: Տեր Միքայելն այս տարի գյուղում բակային ճամբար էր կազմակերպել երեխաների համար, որին սիրով մասնակցել են նաև ասորի երեխաներ:

Ինձ համար այց հարցի մեջ երկու ցավոտ կետ կա, բացի փաստերով չառաջնորդվելը.
1, սա անտեղի առիթ է երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների մեջ սեպ խրելու:
2, սա անտեղի առիթ է ասորիների մեջ ներքին պառակտում առաջացնելու, քանի որ բնավ ոչ բոլոր ասորիներն են համաձայն բարձրացված տեսակետի հետ:

Հ.Գ. Ի դեպ, Ասորական Նեստորական եկեղեցու հոգևորականներն իրենք են ասում, որ գյուղում իրենց եկեղեցու հետևորդ չունենալու պատճառով որևէ հավակնություն չունեն: Իրենք ասում են, եթե գյուղում ձևավորվի Ասորական Նեստորական եկեղեցու համայնք, ապա իրենք կփորձեն լուծել եկեղեցու հարցը: Եթե անգամ չհաջողվիի նոր եկեղեռցի կառուցել, ապա իրենք կդիմեն Հայ Առաքելական կամ Ասորի Ուղղափառ եկեղեցու հոգևորականներին՝ իրենց եկեղեցում ծեսեր ու Պատարագներ մատուցելու համար:

Իսկ այս ընթացքում որևէ դիմում չի եղել ասորի հոգևորականների կողմից՝ եկեղեցում ծես անելու համար:

Հ.Հ.Գ.
Մենք փաստերի ուսումնասիրությունը շարունակում ենք:
Տիկին Իրինայի ուղարկած նյութն էլ ենք ուսումնասիրում ու դեռ ասորական փաստեր չենք գտել:

Հ.Հ.Հ.Գ.
Եթե պարզվի, որ եկեղեցին ասորական է, ապա մենք ուրախ կլինենք իմանալով, որ մեր հայրենակիցները 20-րդ դարասկզբին՝ 1911թ., իրենց միջոցներով վերանորոգել են եղբայրական ժողովրդի սրբավայրը: Եկեք ապրենք խաղաղությամբ ու փոխօգնությամբ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում