Ռուսաստանում հայտարարել են՝ հայաստանյան ելակի մեջ երկաթը քիչ է

Ռուսաստանում հայտարարել են՝ հայաստանյան ելակի մեջ երկաթը քիչ է

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Ռոսպոտրեբնադզորի փորձագետները «Ռուսաստանն այսօր» (Россия сегодня) ծրագրի շրջանակում գնահատել են այս սեզոնին առավել մեծ պահանջարկ ու սպառում ունեցող մրգերում ու հատապտուղներում վիտամինների առկայությունը։

«Ռոսիսկայա գազետա»-ն գրում է, որ նմուշառման համար նրանք այլ մրգերի թվում գնել են նաև «Բախոր» տեսակի կեռաս, շալախ տեսակի ծիրան ու Հայաստանից ներկրված ելակ։

Սանիտարաքիմիական ցուցանիշների՝ ծանր մետաղների, պեստիցիդների առկայության առումով խախտումներ չեն գրանցվել։ Սակայն վիտամինների ու միկրոտարրերի հետ կապված մի ամբողջ խնդիր է։

Օրինակ, կեռասի մեջ վեց անգամ քիչ է եղել երկաթը, 3.5 անգամ վիտամին C-ն, կալցիումը՝ 3 անգամ, կալիումը՝ 1.5 անգամ, ֆոսֆորը՝ 2.5 անգամ։ Առավել վատ վիճակում է եղել նատրիումի քանակը։

Ծիրանի մեջ էլ վիտամիները քիչ են եղել, երկաթը՝ 2 անգամ, վիտամին С-ն՝ 3.5 անգամ, կալիումը՝ 1.5 անգամ, կալցիումն ու նատրիումը՝ 2.5 անգամ։

Հայաստանից Ռուսաստան արտահանված ելակում, ըստ աղբյուրի, 4 անգամ քիչ է եղել երկաթը, կալցիումը՝ 2 անգամ, մագնիումը՝ 1.5 անգամ։

Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան վիտամինների պակասի որպես հնարավոր պատճառներ նշել է կլիմայական պայմանները, արևոտ օրերի պակասը, ինչպես նաև հողում հանքանյութերի պակասը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում