«Սուբստանտիվ բանակցությունների» թեզը մեզ համար խնդիրներ կարող է առաջացնել. Հերմինե Մխիթարյան

«Սուբստանտիվ բանակցությունների» թեզը մեզ համար խնդիրներ կարող է առաջացնել. Հերմինե Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Առաջին հայացքից որևէ խնդիր չունեցող և դրական թվացող «առարկայական (սուբստանտիվ) բանակցություններ» բառակազմի առաջ մղողը բանակցային գործընթացի ողջ ընթացքում եղել է ադրբեջանական կողմը: Սա արդեն առիթ է տալիս մտորելու և փորձելու հասկանալ՝ ինչու՞, ի՞նչ խնդիրներ կարող է այն իր հետ բերել հայկական կողմերի համար: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը՝ անդրադառնալով հունիսի 23-ին Օրբելի կենտրոնում ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակի մեկնաբանությանը՝ կապված սուբստանտիվ բանակցությունների հետ: Հիշեցնենք, Աննա Նաղդալյանը նշել էր, որ կարևոր է հաշվի առնել այն համատեքստը, որի շրջանակներում համանախագահների կողմից նշվել է առարկայական բանակցություններին անցնելու կարևորությունը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության մեջ «սուբստանտիվ բանակցություններ» արտահայտությունը կիրառվել է հրադադարի ամրապնդման համատեքստում: Ակցենտը դրվում է հրադադարի ռեժիմի ամրապնդման վրա, որը մեզ համար առաջնահերթություն է», – մասնավորապես նշել էր ԱԳՆ մամլո խոսնակը:

«Անշուշտ, հրադադարի ռեժիմի պահպանումը մեզ համար շատ կարևոր է: Հայկական կողմերը բազմիցս հայտարարել են, որ կողմ են խնդրի խաղաղ հանգուցալուծմանը: Անդրադառնալով հրադադարի ռեժիմի պահպանման համատեքստում համանախագահների կողմից նշված «սուբստանտիվ բանակցությունների» հարցին՝ նշեմ, որ այո, գործընթացի տարբեր փուլերում համանախագահների հայտարարություններում պարբերաբար հայտնվել է այդ բառակազմը, և դրա առաջ մղողը մշտապես եղել է Ադրբեջանը: Տրամաբանությունը շատ պարզ է՝ ադրբեջանական կողմը մշտապես պնդել է, որ խնդրի լուծմանը պետք է գնալ փուլային տարբերակով՝ սկսած այն հարցերից, որոնց շուրջ համաձայնության ձեռքբերումն ավելի հեշտ է կամ առանց որոնց անհնար է խոսել հետագա կարգավորման մասին: Իհարկե, իրենք դրա հիմքում դնում են առաջինը հայկական զորքերի դուրսբերման հարցը: Հայկական կողմի մոտեցումն այստեղ այլ է. Մենք խնդրի լուծումը տեսնում ենք փաթեթային տարբերակով՝ բացառելով հատկապես Արցախի վերջնական կարգավիճակի հարցի անորոշ ժամկետներով հետաձգումը: Եվ սուբստանտիվ կամ առարկայական բանակցություններն իրենց էությամբ առաջ են քաշում լուծման հենց փուլային տարբերակ: Սրանով է բացատրվում Բաքվի նախանձախնդրությունը՝ այս բառակազմը համանախագահների հայտարարություններում ունենալու հարցում», – նշեց փորձագետը:

Հերմինե Մխիթարյանը պակաս կարևոր չհամարեց նաև սուբստանտիվ բանակցությունների ընկալումները միջազգային հանրության մոտ: «Հակամարտությունների ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետների մոտ սուբստանտիվ բանակցություններն ասոցացվում են հատկապես իռլանդական փորձի հետ, որի հիմքում, ինչպես գիտենք, միջհամայնքային կարգավորման մոդելն էր: Սա էլ, անխոս, այլ բնույթի խնդիրներ է իր հետ բերում», – ամփոփեց փորձագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում