Դավիթ Սահակյանց. Այս պահին շատ ավելի ծանր վիճակ է, քան երբևէ եղել է

Դավիթ Սահակյանց. Այս պահին շատ ավելի ծանր վիճակ է, քան երբևէ եղել է

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Մուլտիպլիկատոր, ռեժիսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցի հետ Panorama.am-ը զրուցել է Ստամբուլյան կոնվենցիայի, «Ոսկե ծիրան» փառատոնի, վարվող մշակութային քաղաքականության և առաջիկա ծրագրերի մասին։

Panorama.am – Միացել եք Ստամբուլյան կոնվենցիայի դեմ իրականացվող ստորագրահավաքին։ Ի՞նչու, ի՞նչ վտանգներ եք տեսնում։

Դ. Սահակյանց – Պետք է դեմ լինել այն փաստաթղթին, որի տեքստը, տողատակերը, ենթատեքստը կարող են վտանգել մեր ավանդական, ազգային հիմնասյուները։ Վտանգ է երրորդ սեռի հայտնվելը։ Ըստ երևույթին, նոր իշխանության դիմաց այդ կոնվենցիան վավերացնելու պահանջ կա, մտադիր են դա անել։ Կարծում եմ՝ դա և նոր իշխանությունների թուլությունն է, միգուցե և դրա իրականացման հստակ ցանկությունը։

Panorama.am – «Ոսկե ծիրան» միջազգային 16-րդ փառատոնից հետո Հայաստանի կինոգործիչների միությունից դուրս գալու դիմում եք ներկայացրել։ Պատճառը հենց «ոչ ավանդական» ֆիլմին մրցանակ շնորհելն էր։ Ի՞նչ փուլում է այդ գործընթացը, դրանից հետո որևէ մեկը, այդ թվում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, որը նաև միության նախագահն է, ձեզ հետ կապ հաստատե՞լ է։

Դ. Սահակյանց – Անդամակցության տոմսն իրենց մոտ է։ Երևի պետք է նիստ լինի։ Տեղյակ չեմ կարգին։ Դիմումը ներկայացնելուց հետո ինձ հետ որևէ մեկը կապ չի հաստատել։

Panorama.am – Պարոն Սահակյանց, ինչպե՞ս կգնահատեք այս տարվա փառատոնային ֆիլմերը՝ հաշվի առնելով փառատոնի կազմկոմիտեի փոփոխությունը, ավելի երիտասարդներին փառատոնի կազմակերպումը հանձնելը։

Դ.Սահակյանց – Բարդ կլինի գնահատական տալ։ Միգուցե փոխվել է փառատոնի տեսլականը, ինչի հետ էլ կապում եմ որոշ ֆիլմերի ցուցադրությունն ու կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթում «Արծաթե ծիրան»-ի արժանացած ֆիլմի ընտրությունը։

Panorama.am – Իշխանափոխությունից հետո վարվող մշակութային քաղաքականությանն ինչպե՞ս եք գնահատում։

Դ. Սահակյանց – Կարծում եմ՝ շատ ցածր մակարդակի է։ Գիտեմ, որ մշակութային օջախներ կան, որոնք լուծարված են, զրկված ֆինանսավորումից։ Խնդիրները շատ-շատ են, այս պահին շատ ավելի ծանր վիճակ է, քան երբևէ եղել է։

Panorama.am – «Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն» անիմացիոն ստուդիան 4 տարի առաջ սկսել է «Օլիմպիկոս» լիամետրաժ ֆիլմի նկարահանումները։ Ի՞նչ փուլում է ֆիլմը, ե՞րբ է նախատեսված պրեմիերան։

Դ. Սահակյանց – Ֆիլմի պրեմիերան նախատեսված էր այս տարի, սակայն անհայտ է, թե երբ կարող ենք ավարտել այն։ Այս տարի ֆինանսավորում չենք ունեցել, փորձում ենք մեր ուժերով առաջ տանել։ Նախորդ տարիներին եղել է, այս տարի չեղավ, կոնկրետ բացատրություն չեղավ՝ թե գումար չկա, թե ֆինանսավորման կարգեր են փոխվել։ Նկարահանել ենք այն բոլոր մասերը, որ մշակույթի նախարարության առջև պարտավորություն ունեինք։ Դեռ կան անելիքներ՝ և նկարահանումներ, և հետարտադրական։ Նույնիսկ եթե հիմա էլ լինի ֆինանսավորում, բարդ կլինի շարունակել ու այս տարի ավարտել։ Չորս ամիս է մնացել տարվա ավարտին։ Հիմա ընթացիկ նախագծեր ենք անում, որ ստուդիան գոյատևի։ Մեր ուժերով պահում ենք մեր բոլոր աշխատակիցներին, որևէ մեկին չենք ազատել։

Panorama.am – Շնորհակալություն։

Զրույցը վարեց Տաթև Մանուկյանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում