Մնացականյանն ու Տալակվաձեն քննարկել են անվտանգության հարցեր

Մնացականյանն ու Տալակվաձեն քննարկել են անվտանգության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և նրա գլխավորած պատվիրակությունը այսօր հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեի հետ:

ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ առավել ամրապնդելու հայ-վրացական բազմադարյա բարեկամական հարաբերությունները: Այդ համատեքստում Զոհրաբ Մնացականյանը և Գեորգի Տալակվաձեն գոհունակությամբ ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության ակտիվ դերակատարությունը՝ որպես Հայաստանի և Վրաստանի օրենսդիր մարմինների միջև հաստատված արդյունավետ հարթակի։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Վրաստանի խորհրդարանի ղեկավարը կարևորել են նաև երկու երկրների խորհրդարաններում գործող հանձնաժողովների միջև պարբերական հանդիպումների անցկացումը:

Զոհրաբ Մնացականյանը և Արչիլ Տալակվաձեն մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները՝ շեշտելով խաղաղ գործընթացի առաջմղման համար համապատասխան մթնոլորտի ձևավորման առաջնահերթությունը:

Հանդիպման ավարտին նախարար Մնացականյանը գրառում է կատարել Վրաստանի խորհրդարանի պատվավոր հյուրերի մատյանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում