Գործադիրը նույնպես հարցի լուծումը տեսավ Վենետիկի հանձնաժողով դիմելու մեջ. փորձագետ

Գործադիրը նույնպես հարցի լուծումը տեսավ Վենետիկի հանձնաժողով դիմելու մեջ. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Եթե Ստամբուլի կոնվենցիայի հարցով Վենետիկի հանձնաժողովի մասնագիտական կարծիքը մեր իշխանությունների համար կարևոր է, նույն կերպ ընկալելի ու կարևոր պիտի լինի նաև Ռոբերտ Քոչարյանի գործով Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, որի համար օրեր առաջ դիմել էր Սահմանադրական դատարանը: Մեզ հետ զրույցում այս մասին նշեց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը՝ անդրադառնալով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման սահմանադրական հետևանքների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողով դիմելու փաստին:

«Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները իմպերատիվ բնույթ չունեն, դրանք խորհրդատվական եզրակացություններ են: ԵԽ անդամ պետություններից տարբեր դիմումներ են եղել այս մարմնին և բնական է, որ Հայաստանը, ում նույնպես ընձեռված է այդ հնարավորությունը, օգտվի դրանից: Այս անգամ էլ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման շուրջ ստեղծված իրավիճակը ուղղորդեց գործադիրին դիմելու Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, ինչը վկայում է այն մասին, որ իշխանությունները կարևորում են այս մարմնի մասնագիտական եզրակացությունները», – նշեց փորձագետը՝ հավելելով, որ նույն կերպ կարևոր է նաև երկրորդ նախագահի գործով Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, որի համար օրեր առաջ դիմել էր Սահմանադրական դատարանը:

«ՍԴ-ի կողմից Քոչարյանի գործով խորհրդատվական եզրակացության համար ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողովին դիմելը մերձիշխանական շրջանակների կողմից դժգոհությունների ալիք բարձրացրեց: Կարևոր է սակայն ընդունել, որ եթե Ստամբուլի կոնվենցիայի հարցով Վենետիկի հանձնաժողովի մասնագիտական կարծիքը մեր իշխանությունների համար կարևոր է, նույն կերպ ընկալելի ու կարևոր պիտի լինի նաև վիճահարույց մեկ այլ հարցի վերաբերյալ ՍԴ-ի համապատասխան դիմումն ու սպասվող եզրակացությունը», – ամփոփեց փորձագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում