Ադրբեջանը դադարել է կատարել Դուշանբեի պայմանավորվածությունները. Աննա Կարապետյան

Ադրբեջանը դադարել է կատարել Դուշանբեի պայմանավորվածությունները. Աննա Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Ադրբեջանը դադարել է կատարել Դուշանբեի պայմանավորվածությունները և փորձում է զենքի ուժով իր համար ցանկալի լուծումներ թելադրել: Times.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը՝ մեկնաբանելով Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 27-ին և 28-ին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքները:

«Վերջին շրջանում սրացումներն ու նման միջադեպերը սահմաններին, ցավոք, կրկին հաճախակիանում են: Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանն այլևս հրաժարվում է Դուշանբեի բանավոր պայմանավորվածությունները պահպանելուց և փոխում է ռազմավարությունը: Ադրբեջանը փորձում է զենքի ուժով բանակցային սեղանին իր համար ցանկալի լուծումներ թելադրել: Այդ մասին վերջերս հայտարարել էր նաև Էլմար Մամեդյարովը»,- ասել է Աննա Կարապետյանը: «Հայաստանի ԱԳՆ-ն անընդհատ կրկնում է, որ մեզ հետ նման լեզվով խոսել հնարավոր չէ, հնարավոր չէ մի ձեռքով կրակել, մյուսով բանակցել, բայց դա պետք է ապացուցենք նաև գործնականում»,– հավելել է նա:

Փորձագետն ուշադրություն է հրավիրում ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությանվրա: «Փաստացի, ԱԳՆ-ն արձանագրում է, որ Ադրբեջանը հրաժարվում է հրադադարի պահպանմանը և ամրապնդմանն ուղղված վստահության և անվտանգության միջոցառումների իրականացումից: Այսինքն՝ հրաժարվում է Դուշանբեից: Դա կարևոր արձանագրում է, և հաջորդ քայլը պետք է լինի դրա դեմ միջոցներ ձեռնարկելը, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելը և Ադրբեջանին պարտադրելը, որ կատարի հրադադարի ամրապնդման, հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ միջնորդների մասնակցությամբ ստանձնած պարտավորությունները, որոնք կենթադրեն նաև արտաքին վերահսկողություն»,– եզրափակել է Կարապետյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում