ՊԵԿ-ը գրություն է ուղարկել Մանվել Գրիգորյանի գործով դատավորին

ՊԵԿ-ը գրություն է ուղարկել Մանվել Գրիգորյանի գործով դատավորին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է Աժ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը։

Մանվել Գրիգորյանին, ինչպես նախորդ նիստերին, այս անգամ էլ դատարան չեն բերել: Դատավորն ասաց, որ «Նաիրի» ԲԿ-ից ստացված տեղեկանքի համաձայն՝ Մանվել Գրիգորյանն առողջական վիճակի պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ դատախազները միջնորդություն էին ներկայացրել՝ Մ. Գրիգորյանի առողջական վիճակի հարցով միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել էր միջնորդությունը։ Նախորդ նիստին ներկայացվել էր հանձնաժողովի կազմը։

Այս նիստին դատավոր Մարտիրոսյանը հայտարարեց, որ Մ. Գրիգորյանի փաստաբաններից Լևոն Բաղդասարյանից դատարանը գրության է ստացել, որով պաշտանական կողմն առաջարկում է փորձագետներին հետևյալ հարցերը. «Հիմք ընդունելով փորձագետներին տրամադրված բժշկական բոլոր փաստաթղթերը, էպիկրիզները, բժշկական այլ փաստաթղթեր, թե ի՞նչ հիվանդություններով է այժմ տառապում Մանվել Գրիգորյանը՝ նշելով հիվանդությունների ծանրության աստիճանը։ Արդյոք առկա՞ է հիվանդությունների աճ, վատթարացում, համեմատած մեկ տարի առաջվա հետ։Մանվել Գրիգորյանի այժմյան հիվանդությունները նրա կյանքին կարո՞ղ են վտանգ սպառնալ։ Այդ հիվանդությունները կարո՞ղ են խոչընդոտ հանդիսանալ Մանվել Գրիգորյանի հետագա կալանքը կրելու համար։ Նման հիվանդությունների առկայության պայմաններում, բացի դեղորայքային և այլ բուժումներից, անհրաժե՞շտ է արդյոք հիվանդին մաքուր օդ, ինտենսիվ զբոսանք, հնարավո՞ր է, որ դրանց սահմանափակումն է Մանվել Գրիգորյանի որոշ հիվանդությունների առկայության, ձեռքբերման և տարածման պատճառը։ Մանվել Գրիգորյանի մոտ առկա հիվանդությունների պատշճած հսկողությունը և բուժումը հնարավո՞ր է իրականացնել ՔԿՀ-ում պահելու դեպքում, թե ոչ՝ հաշվի առնելով ՄԻԵԴ–ի կողմից անհապաղ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը»։

Դատավորը նաև հայտնեց, որ դատարանը ստացել է Պետական եկամուտների կոմիտեն գրություն՝ խնդրելով Մանվել Գրիգորյանի գույքերից՝ «Արա և Այծեմնիկ» ԲԲԸճի վրա դրված կալանքը վերացնել, հնարավորություն տալ, որպեսզի ՊԵԿ-ն իրացում կատարի, վաճառի՝ հարկային 1 միլիարդ դրամ պարտավորությունը վճարելու համար։

Մ. Գրիգորյանի փաստաբաններից Լ. Բաղդասարյանն ասաց, որ այս դիմումը քննարկելը իրավաչափ չէ։ Դատախազն ասաց, որ իրենց առաջարկն է՝ ԴԱՀԿ փորձաքննություն կատարի, որոշի գույքի արժեքը, դրանից հետո քննարկվի այս հարցը՝ ինչ ծավալով հանել արգելանքից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում