Դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել

Դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, Aysor.am-ին տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելը։

Գրիգորյանին պաշտպանելու պատրաստակամություն հայտնած տասնյակից ավելի փաստաբաններից Երվանդ Վարոսյանը Aysor.am-ին տեղեկացրեց, որ Գրիգորյանը հայտարարել է, թե չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և ասել, որ այս քրեական գործը ուղիղ կապ ունի իր` որպես դատավորի մասնագիտական գործունեության ընթացքում մեկ այլ գործով կայացված երկու որոշումների հետ։

Գրիգորյանը, նկատենք, ակնարկում է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործը, որի վերաբերյալ ինքը որոշել էր կասեցնել այդ գործի վարույթը և քրգործը ուղարկել Սահմանադրական դատարան։

«Սա հերթական առիթն էր համոզվելու, որ իրականացվողը իրավական գործընթաց չէ, այլ ուղղակի հետապնդում է դատավորի նկատմամբ, որով փորձ է արվում սաստել նաև մյուս դատավորներին։ Միաժամանակ, այսպես լուծվեց նաև Ռոբերտ Քոչարյանի գործն այլ դատավորի փոխանցելու հարցը»,– նշեց փաստաբանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում