ԱՄՆ-ը վերանայում է տարածաշրջանում իր գերակայությունները՝ ոչ ի նպաստ Հայաստանի. Հասմիկ Վարդանյան

ԱՄՆ-ը վերանայում է տարածաշրջանում իր գերակայությունները՝ ոչ ի նպաստ Հայաստանի. Հասմիկ Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հայաստանի իշխանությունների կողմից Միացյալ Նահանգների հետ օր առաջ հետևողական և բովանդակային լուրջ աշխատանք սկսելու կարիք կա, հեղափոխությունից հետո ձևավորված երկկողմ հարաբերությունների օրակարգը պետք է ընդլայնել: Մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանն՝ մեկնաբանելով Արցախին տրամադրվող օգնությունը կրճատելու ԱՄՆ կառավարության մտադրությունը:

«Արցախին տրամադրվող օգնության կրճատումն իր մեջ պարունակում է բացասական ազդակներ, որոնք կարող են շահարակվել Ադրբեջանի կողմից: Հայաստանից բացի, Արցախին ուղիղ ֆինանսական աջակցություն ցուցաբերում է միայն Միացյալ Նահանգները, որը ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներից է: Ուստի, այդ օգնությունն ունի նաև քաղաքական նշանակություն, այն նպաստում է Արցախի սուբեյկտայնության բարձրացմանը», – նշում է փորձագետը:

Նրա կարծիքով՝ ֆինանսական աջակցության կրճատումը, թերևս կարող է վկայել այն մասին, որ Միացյալ Նահանգները վերանայում է տարածաշրջանում իր գերակայությունները՝ ոչ ի նպաստ Հայաստանի: «Սա պետք է զգոնացնի ոչ միայն ԱՄՆ հայկական լոբբիստական կազմակերպություններին, այլև ՀՀ իշխանություններին», – նշում է փորձագետը՝ հիշեցնելով, որ Միացյալ Նահանգներն անվտանգության ոլորտում Հայաստանին և Ադրբեջանին վերջին երկու ֆինանսական տարիներում՝ 2018-ին և 2019-ին, տրամադրվող աջակցության հարցում կտրուկ խախտել են բալանսը:

Հասմիկ Վարդանյանը նշում է, որ սա բացառապես ԱՄՆ հակաիրանական քաղաքականության հետ կապելը սխալ է. «Վերջին մեկ տարում ԱՄՆ հետ հարաբերություններում հայկական դիվանագիտությունը զբաղված է եղել գլխավորապես Թավշյա հեղափոխությունը կապիտալիզացնելու ջանքերով և դրա շնորհիվ Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը մեծացնելու հարցով՝ սահմանափակելով երկկողմ օրակարգը»:

«Անվտանգային հարցերում ԱՄՆ կողմից բալանսի խախտումը, Արցախին տրամադրվող ֆինանսական օգնության հնարավոր կրճատումը պետք է դառնա հայ-ամերիկյան օրակարգի առաջնային և անհետաձգելի կետը: Սակայն այս ուղղությամբ պետական մարմինների կողմից իրականացվող աշխատանք դեռևս տեսանելի չէ», – նշում է փորձագետը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում