Հայաստանն այսօր դժվար է կայունության կղզի անվանել. Կարապետյան

Հայաստանն այսօր դժվար է կայունության կղզի անվանել. Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Ողջունելի է, որ Հայաստանը հավակնում է նպաստ բերել տարածաշրջանային կայունությանը և կայունության կղզյակ լինել, բայց գործնականում պատկերը, արդյունքներն այլ են: Times.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը՝ մեկնաբանելով գերմանական Մարշալ հիմնադրամին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի տված հարցազրույցը:

«Հայաստանը տարիներ շարունակ բավական բարդ ուղի է անցել, մինչև հաջողվել է հասնել թե՛ ԵՄ-ի, թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացմանը՝ չհակադրելով այդ վեկտորները: 2013-ից հետո ահռելի դիվանագիտական աշխատանք տարվեց, որպեսզի Ռուսաստանի կողմից սուր չընկալվի Եվրամիության հետ հարաբերությունների խորացման մտադրությունը, իսկ Եվրամիությունն էլ համաձայնի համաձայնագիր կնքել Հայաստանի հետ: Արդյունքում հասանք նրան, որ թե՛ եվրոպական, թե՛ ռուսական կողմերն ընդունեցին, որ Հայաստանը կարողացավ այդ գործընթացն անցնել՝ ցնցումներ չստեղծելով տարածաշրջանի համար, և դա խիստ դրական գնահատեցին:Հայաստանի նոր իշխանությունները հրապարակայնորեն փորձում են պահել այդ գիծը, սակայն հարցն այն է, թե որքանով է դա գործնականում հաջողվում»,– ասել է Կարապետյանը:

Փորձագետը նշում է, որ Հայաստանի գործող իշխանությունները հայտարարությունների մակարդակով փորձում են շարունակել վեկտորների համադրման քաղաքականությունը և ընդգծելով մեր հաջող փորձը՝ հավակնություն են արտահայտում ներդրում ունենալու տարածաշրջանի կայունության ապահովման մեջ: «Խոսքերը լավն են, սակայն գործնականում այսօր դժվար է ասել, որ Հայաստանը կարողանում է հաջող կերպով շարունակել այդ քաղաքականությունը: Եվրամիության հետ մեծ դժվարությամբ հաջողվեց փոխըմբռնման հասնել, պայմանավորվել ֆինանսավորման մեծացման շուրջ, բայց միևնույն է, չունենք առաջընթաց վիզաների ազատականացման հարցում, իսկ եվրոպական պաշտոնյաների կողմից Արցախյան հակամարտության վերաբերյալ պարբերաբար հնչում են մեզ համար ոչ ընդունելի ձևակերպումներ, ինչը մատնանշում է, որ երկխոսությունը ոչ ցանկալի մակարդակի վրա է: Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները բազմաթիվ այցելություններ են կատարում ԱՄՆ, բայց ֆինանսական աջակցությունը Հայաստանին և Արցախին կրճատվում է, երկկողմ հարաբերությունների հստակ օրակարգ չի ուրվագծվում, և մենք ինքներս խոստովանում ենք, որ ճնշումների ենք ենթարկվում Իրանի հետ հարաբերությունների հարցում: Ռուսաստանի հետ, չնայած հրապարակային դրական հարաբերություններին, ֆոնային պահպանվում է նոր իշխանությունների հանդեպ ոչ միանշանակ վերաբերմունքը: Արդյունքում, հարց է՝ կարո՞ղ ենք արդյոք ասել, որ այսօր իսկապես արդյունավետ համագործակցում ենք երեք կողմերի հետ էլ»,– նշում է նա:

Ըստ Կարապետյանի, եթե դրան գումարենք Ադրբեջանի հետ սահմաններին աճող անկայունությունն ու դավադիրներ փնտրելու Հայաստանի իշխանությունների մոլուցքը, կստացվի, որ այսօրվա Հայաստանը հեռու է կայունության կղզյակ լինելուց: «Արտգործնախարարի հայտարարություններն այսօր, ցավոք, ավելի շատ կարևոր նպատակ են սահմանում, քան արտացոլում են իրականությունը»,- ամփոփել է նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում