Մոսկվայի արձագանքը սահմանային սրացումներին հեռու էր ռազմավարական դաշնակցի արձագանք լինելուց. Հերմինե Մխիթարյան

Մոսկվայի արձագանքը սահմանային սրացումներին հեռու էր ռազմավարական դաշնակցի արձագանք լինելուց. Հերմինե Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության հետ կապված Մոսկվայի արձագանքը չէր պարունակում հասցեական գնահատականներ, հեռու էր ռազմավարական դաշնակցի արձագանք լինելուց: Այս մասին Times.am-ի լրագրողի հետ զրույցում նշեց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին տիրող լարվածության հետ կապված:

«Ռուսաստանի Դաշնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է և, այս տեսանկյունից, Մոսկվայի մոտեցումը, որ հետագա էսկալացիան անթույլատրելի է, և կոչը հակամարտող կողմերին՝ դրսևորելու զսպվածություն և հրաժարվելու ուժի կիրառումից, իհարկե, հասկանալի է: Չմոռանանք նշել նաև, որ սահմանային սրացումների հետ կապված միջնորդներից դեռևս միայն Ռուսաստանն է հանդես եկել հայտարարությամբ: Սակայն բացի Մինսկի խմբի համանախագահող երկիր լինելուց Ռուսաստանի Դաշնությունը նաև Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակիցն է, Հայաստանի հետ միևնույն անվտանգության համակարգի՝ ՀԱՊԿ-ի առաջատար պետություններից մեկը: Եվ եթե հաշվի առնենք, որ վերջին սրացումները, որոնց արդյունքում ունեցանք նաև զոհ, գրանցվել են հենց Հայաստան-Ադրբեջան սահմանին, ապա տրամաբանական էր Ռուսաստանից ավելի հասցեական և կոշտ արձագանք ակնկալելը», – նշեց փորձագետը:

Հերմինե Մխիթարյանի կարծիքով՝ սա ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ մեր կողմից իրականացվող աշխատանքում առկա թերացումների ցուցիչ է: «Հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության հետ կապված Մոսկվայի արձագանքը չէր պարունակում հասցեական գնահատականներ, հեռու էր մեր ռազմավարական դաշնակցի արձագանք լինելուց: Նման վիճակից ու նման հայտարարություններից խուսափելու համար պե՞տք էր ավելի լուրջ վերաբերվելու ՌԴ-ի և ՀԱՊԿ –ի հետ իրականացվող մեր քաղաքականությանը: Կարծում եմ՝ այո», – ամփոփեց փորձագետը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում