Գևորգ Պետրոսյան. Այսպիսի թիրախավորում ունենում են իշխանության քիմքին անհաճո որոշումներ կայացնող դատավորները

Գևորգ Պետրոսյան. Այսպիսի թիրախավորում ունենում են իշխանության քիմքին անհաճո որոշումներ կայացնող դատավորները

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: «Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործին ճիշտ իրավաբանական գնահատական տալու համար պետք է տեղյակ լինել գործի հանգամանքներին, ես դրանց տեղյակ չեմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Սակայն պատգամավորը հավելեց, որ երկու բան կարող է ասել. «Անձամբ ճանաչում եմ Դավիթ Գրիգորյանին, պարկեշտ մարդ է, գրագետ իրավաբան՝ անապական անցյալով, գրագետ դատավոր, բայց գործի մանրամասներից տեղյակ չեմ, ասում են՝ ինչ-որ խախտումներ են եղել։ Չէի ուզենա, որ հետագայում պարզվի, որ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացված այս միջոցառումները հաշվեհարդար տեսնելու մտադրություն է։ Անձնական կարծիք եմ հնչեցնում, խնդրում եմ սա չվերագրել խմբակցությանը, ինձ համար տարօրինակ է, որ այսպիսի թիրախավորում ունենում են այն դատավորները, ովքեր կայացնում են իշխանության քիմքին անհաճո որոշումներ»։

Նրա խոսքով՝ գուցե և հիմնավոր է հետապնդումը, գուցե` անհիմն։

«Տա Աստված, չհամոզվենք նրանում, որ սա քաղաքական հետապնդում է: Բոլորս գիտենք՝ հետքերը որտեղից են գալիս, ուր են գնում»,- հավելեց պատգամավորը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում