Իմ չափ երևի ոչ մեկ չի ցավում բուհի համար. ՀՊՏՀ դասախոս

Իմ չափ երևի ոչ մեկ չի ցավում բուհի համար. ՀՊՏՀ դասախոս

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) դասախոս Արմեն Կարախանյանը պնդում է, որ բուհի դասախոսների մրցույթն անցկացվել է օրենքի ու կարգերի խախտումներով։

«Եթե նայեք այդ մրցույթի մասնակցության համար նախատեսված չափանիշները, կտեսնեք, որ դրանց մեծ մասը սուբյեկտիվ են, և ընտրությունը կատարվել է սուբյեկտիվ։ Այդ չափանիշների մի մասն էլ մասնագիտական հմտությունների հետ կապ չունեն», – Aysor.am-ին ասաց Կարախանյանը։

Նրա խոսքով, եթե այդ մրցույթը սուբյեկտիվ չէր, թող փակ դռների հետևում չանցկացնեին։

Հիշեցնենք՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) մի խումբ դասախոսներ դատի են տվել բուհի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին՝ պնդելով, թե Հայրապետյանի նախաձեռնությամբ բուհում թափուր դասաժամերի համար մրցույթի հայտարարումը հակասում է «Բարձրագույն կրթության մասին» օրենքին: ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն էլ իր հերթին հայտարարում է, որ մրցույթներ նախկինում նույնպես անցկացվել են, սակայն կրել են ձևական բնույթ։ Ավելին՝ նախկինում բուհում գործել են խմբավորումներ, որոնք գործունեություն են ծավալել ելնելով սեփական նեղ խմբային շահերից։

Դիտարկմանը, թե ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարն ասել է, որ նախկինում գոյություն ունեցած ընտրության համակարգն առավել սուբյեկտիվ էր՝ այս կամ այն ամբիոնից դասախոսներին ասել են՝ «դու այսքան ժամ ունես, մյուսն՝ այսքան», Կարախանյանն արձագանքեց.

«Ոչ մեկ չի ասում՝ նախկին համակարգը լավն էր, կատարյալ էր, թերություն չուներ։ Զարգացումը միշտ էլ գնում է, բարեփոխումներն անհրաժեշտ են, մենք բազմիցս նշել ենք, որ այդ բարեփոխումները պետք է լինեն օրենքի սահմաններում»։

Կարախանյանն ինքը չի մասնակցել մրցույթին և հիմա հույս ունի, որ սեպտեմբերից կշարունակի աշխատել բուհում։

«Ես հույս ունեմ, որ մենք սեպտեմբերից աշխատելու ենք բուհում, ինքը (նկատի ունի ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին-խմբ.) չի աշխատի բուհում։ Այդքան կեղծիքներ, որ արել է՝ ինչպե՞ս կարող է աշխատել», – ասաց Կարախանյանը։

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը Կարախանյանի ուսանողն է եղել, ավելին՝ նրան սիրել ու հարգել է և այժմ թշնամական վերաբերմունք չունի նրա նկատմամբ։ Բայց, ասաց, ռեկտորի պաշտոնակատարի վերջին գործողությունները «օրենքի սահմաններից դուրս են»։

«Ես մտել եմ իր մոտ ու ասել եմ՝ հակաօրինական բաներ ես անում, ինքն էլ ասել է՝ անում եմ, որ դուք բողոքեք», – նշեց Կարախանյանը։

Անդրադառնալով Հայրապետյանի ատենախոսության թեմային, որի մասին նա այսօր խոսել էր ասուլիսում, Կարախանյանն ասաց.

«Այսօր տարածվել էր ռեկտորի պաշտոնակատարի գաղտնի ընդդիմախոսների մի հայտարարություն, որտեղ նշվում է, որ Հայրապետյանն իր ատենախոսության մեջ ոչ միայն տեսական հատվածն է պարունակում այլ նյութեր, այլ նաև գիտական արդյունքն է վերցված եղել»։

Կարախանյանի խոսքով, եթե բուհի մասին մտածող մարդ լիներ ռեկտորի պաշտոնակատարը, այս ամենից ելքը կգտներ, քանի որ դա նրա պատասխանատվությունն է։

«Իմ չափ երևի ոչ մեկ չի ցավում բուհի համար, քանի որ ես իմ կյանքի 25 տարին անցկացրել եմ այդ բուհում՝ չհաշված ուսանողական տարիներս։ Այնտեղ զբաղեցրել եմ վարչական պաշտոններ ու մեծ ներդրում եմ ունեցել բուհի զարգացման գործում։ Մի քանի տարի աշխատողը ու միայն սեփական ամբիցիաներ բավարարողը պիտի մտածի հենց բուհի մասին։ Ինձ համար դա ցավալի խնդիր է։ Ես ամենասկզբից ասել եմ՝ այստեղ հաղթող ու պարտվող չի լինելու, այստեղ հաղթողը մեկն է՝ համալսարանը», – ասաց դասախոսն՝ ընդգծելով, որ թույլ չի տա ոմանք ոտնահարեն իր իրավունքները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում