Հերոսների դիլեման՝ սպանել չի կարելի ազատել

Հերոսների դիլեման՝ սպանել չի կարելի ազատել

Ո՞վ է կարդացել լրագրող Մհեր Արշակյանի՝ «Միքայել Մինասյան. Հերոս լինելու մուննաթը» վերտառությամբ հոդվածը։ Եթե չեք կարդացել, խորհուրդ եմ տալիս աչքի անցկացնել։ Երկու օր առաջ, երբ ինքս էի փոքրիկ գրառմամբ արձագանքել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ հերոսներին մեր վերաբերմունքի մասին հոդվածին, շատ կարճ պարզապես նշեցի, որ շնորհակալ եմ նրան ողջ հերոսների մասին խոսելու համար։ Ասելիքս իրականում ավելի շատ էր, բայց այդ պահին չստացվեց։ Չկարողացա։ Իսկ հիմա ահա կարդում եմ Արշակյանի հոդվածը և հասկանում, որ այնուամենայնիվ պետք է հավաքել մտքերն ու ասել այն, ինչն ինձ իսկապես վաղուց է անհանգստացնում։ Հնարավոր է հիմնականում այն պատճառով, որ դա իմ ավագ ընկերների՝ նույն այն հերոսների մասին է, ովքեր այս օրերին հայտնվել են հանրային դիսկուրսի կենտրոնում։ Բայց նաև այն պատճառով, որ Մհեր Արշակյանը մեր օրերի՝ թերևս ամենախոր նայող լրագրողներից է և, այո՛, հենց իրեն ցանկացա պատմել այն, ինչ տեսել և զգացել եմ վերջին տարիներին։

Ընկերներիցս շատերը կհիշեն, որ պատմում էի մի զրույցի մասին, որի ընթացքում զրուցակիցս կեսկատակ, կեսլուրջ ասաց, թե պետք է այն ժամանակ զոհվեր, որ այսօր «ավելորդ» խոսակցությունների մեջ չհայտնվեր։ Ընթերցողիցս ներողություն եմ խնդրում այդ մարդու անունը չտալու համար, բայց ասեմ, որ նա եղել է արցախյան ազատամարտի ամենափայլուն հաղթանակների կերտողներից մեկը։ Այդ օրը ես նրա հետ կատակում էի, նույնկերպ արձագանքում իր մտահոգություններին, բայց դառը նստվածք իր այդ խոսքերից ինձ մոտ հաստատ մնաց։ Վախենում եմ խոստովանել, բայց երևի թե նաև այն պատճառով, որ ինքս էլ մտածել եմ դրա մասին. «զոհվեին, մաքուր մնային»։ Դա, իհարկե, թուլության պահերին։ Խոստովանում եմ՝ սխալ եմ եղել։ Մեղանչել եմ։ Ի վերջո, ո՞վ է դատավորը։ Ե՞ս, Մհեր Արշակյա՞նը, Միքայել Մինասյա՞նը… Ո՞վ։

Նման պատասխանատվություն ես չեմ կարող վերցնել ինձ վրա։ Իսկ Մհերը, կարծես, կարողացավ։ Համենայն դեպս, խոսելով Արցախի հերոս Սամվել Կարապետյանի մասին, նա հարցնում է. «ինչո՞ւ չէր մեռել այն օրը, երբ հերոս էր»։ Շարունակում է խորհել թեմայի շուրջ և գալիս եզրակացության. «Աստված չանի, եթե պարզվի, որ այդ մարդը հերոս է։ Նշանակում է՝ դրանից հետո նա չի ապրել»։ Հերոսությունը, Արշակյանի պատկերացմամ, շարունակական մի երևույթ է, որը պետք է անընդհատ կատարելագործվի, ավելի լավը դառնա, ծավալվի, զարգանա… Ընդունում եմ՝ հրաշալի գաղափար է, երանի հերոսություն գործած բոլոր մեր հայրենակիցներն այդպիսին լինեին՝ ամեն հաջորդ պահի նոր և ավելի մեծ հերություն գործեին։ Բայց դա իրատեսակա՞ն է։ Այո՛, եթե դու արհեստագործ ես, որովհետև ամեն անգամ նոր բան ստեղծելով դու ավելի հմուտ, ավելի արհեստավարժ ես դառնում։ Բայց երբեք ո՛չ, եթե դու զինվորական ես։ Առավել ևս՝ պատերազմող զինվորական։

Օրինակ, ի՞նչ պիտի աներ Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը Շուշին ազատագրելուց հետո։ Գանձակը ազատագրեր, թե՞ զոհվեր Ղազանչեցոցի պատերի տակ։ Խնդրում եմ չմեղադրեք ինձ ցինիզմի համար։ Խնդիրն ավելի պարզ դարձնելո համար եմ այս հարցը տալիս։ Որովհետև, որքան էլ Գանձակն իր կարևորությամբ ավելի մեծ լիներ մեր թշնամու համար, ոսոխի մեջքը կոտրել է հենց Շուշին։ Շուշին է վճռել պատերազմի ելքը։ Ավելի մեծ հերոսություն գործելու շանս գեներալ Տեր-Թադևոսյանը պարզապես չուներ։ Եվ հետևաբար ի՞նչ պիտի նա աներ, որպեսզի ես, ընթերցողս, Մհեր Արշակյանն ու թեմայով հետաքրքրված մնացած բոլոր մարդիկ միմյանց հետ վեճ չունենայինք այն մասին՝ հերո՞ս է արդյոք Կոմանդոսը, թե ոչ։ Ի վերջո, եկեք իրատես լինենք և փաստենք, որ շարունակ սխրագործություններ գործվել են միայն առասպելներում և էպոսներում։ Հերակլեսի 12 սխրագործություններն էլ մեզ օրինակ։ Իրական կյանքը մի քիչ ուրիշ է։ Այստեղ մի իրավիճակում մարդը հերոս է, մյուսոմ՝ ոչ։ Եվ դա այն է, ինչի մասին խոսում էր Միքայել Մինասյանը։ Նա հենց ինքն է «մարդկայնացնում» հերոսներին և ամենևին ծանր չի տանում այդ փաստը, ինչպես կարծում է Մհեր Արշակյանը։

Արիստոտելը «երջանիկ մարդու» մասին ուշագրավ մտքեր ուներ։ Նա գրում էր, որ մարդուն չի կարելի երջանիկ անվանել իր ողջության ընթացքում, որովհետև չէր բացառում, որ կյանքի վերջին օրերին մարդը կարող է դժբախտանալ։ Օրինակ, կորցնի իր զավակներին։ Առավել ևս նրան չի կարելի երջանիկ համար, եթե նա արդեն հանգուցյալ է։ Դե որովհետև հանգուցյալը չի կարող երջանիկ լինել։ Նման մի պարադոքսի առջև էլ Մհեր Արշակյանն է կանգնեցնում իր ընթերցողին։ Կարծում եմ՝ Արիստոտելը աչքով կտար նրան, եթե կարդար այսօրվա հոդվածը։ Բայց եթե կատակը մի կողմ դնենք, ապա խորհուրդս միայն մեկը կլիներ՝ այն ինչ վերաբերվում է պատմությանը, եկեք թողնենք հենց պատմությանը։ Ավելի ճիշտ՝ հաջորդ սերնդներին։ Պատմական հեռավորության դիրքերից նրանք հաստատ ավելի լավ կզանազանեն թացը չորից։

Իսկ մեր խնդիրն ինքերս մեզ հետ հաշտ ապրելն է։ Հարգել միմյանց ու չնսեմացնել։ Միքայել Մինասյանի գրառման մեջ ես հենց դա տեսա՝ նա չի ասում հանցանքը մի պատժեք։ Նա ասում է՝ հերոսներին մի նսեմացրեք։ «Տուշոնկա» օպերացիա մի արեք։ Մի վարկաբեկեք մարդուն, հետո ամիսներ շարունակ գործը ձգձգեք, որ մի կերպ կարողանաք դուրս գալ այս խայտառակ իրավիճակից։ Անգամ թշնամու տեղն է ցույց տալիս՝ ասելով, որ երկրի ներսում պետք չէ թշնամություն հրահրել։ Ի՞նչն է սխալ այս ամենում։ Որտե՞ղ է «մուննաթը»։

Մտքերս առավել ամբողջացնելու համար Մհեր Արշակյանին և քեզ՝ հարգելի ընթերցող, ուզում եմ երկու դրվագ պատմել, որոնք մեծ ազդեցություն են ունեցել հերոսության մասին իմ այսօրվա իմ պատկերացումների ձևավորման գործում։ Առաջին պատմությունը, որը Մոնթե Մելքոնյանի զինվորներից մեկի մասին է, լսել եմ իմ Հայրիկից։ Ասում է՝ մարտի ընթացքում այդ տղան թշնամու՝ երկու թե երեք տեխնիկա է խոցել։ Ընդ որում, ինքն այդ պահին բարդ դիրքում է գտնվել, բայց չի երկնչել, ճիշտ կողմնորոշվել և իր գործը փայլուն արել է։ Հայրս տպավորված էր այդ զինվորի սխրագործությամբ, բայց ավելի շատ՝ նրանից, թե ինչպես էին դասավորվել այդ զինվորի հարաբերություններն իր իսկ զինակիցների հետ. մարտի ընթացքում նա հերոս էր, մարտից անմիջապես հետո՝ խեղճ, ինչ-որ չափով նաև արհամարհված մարդ։ Այդ օրը ես հասկացա, որ ռազմական և սոցիալական քաջությունները տարբեր բաներ են։

Երկրորդ պատմության ականատեսը ես եմ։ Նաև դուք, եթե իհարկե նկատել եք։ Անցած տարվա սկզբում Երևանում բացվել է Հայրենիքի պաշտպանի Վերականգնողական կենտրոնը։ Այնտեղ բուժվող վիրավոր զինծառայողներն ամեն օր են մեզ հերոսության օրինակ ցույց տալիս։ Ոտքի կանգնելու, նորից քայլելու, ինչ-որ բան ստեղծելու, ծառայության վերադառնալու… ու էլի նման շատ բաներ անելու իրենց կամքով։ Գնացեք և տեսեք։

Այնպես որ, հարգելի Մհեր, սիրելի ընթերցողներ, ամեն ինչ իսկապես մեր ձեռքերում է։ Եթե գնահատենք, եթե ցանկանանք գնահատել, ապա Միքայել Մինասյանի թվարկած անունների ետևում կտեսնենք իսկական հերոսների։ Եվ չենք հեգնի նրանց ու չենք նսեմացնի։ Եթե առաջնորդվենք այն նույն տրամաբանությամբ, որով գործում է Նիկոլ Փաշինյանը, ապա, այո՛, նրանք բոլորը հանցագործ են և իրենց պետք է քառատել։ Չէ՛, կախել։ Չէ՛, կախել, հետո քառատել։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

P.S.
Ի դեպ, Արթուր Դանիելյանը երեկ կարծիք հայտնեց, որ Միքայել Մինասյանի հանդեպ «շտապ կարգով քրեական գործ կհարուցվի»։ Ի՞նչ եք կարծում՝ ճի՞շտ է մտածում Դանիելյանը։ Ես կարծում եմ՝ այո։ Դե որովհետև… այդ է իրենց մոտեցումը՝ մարդ լինի, քրեական հոդված կգտնվի։ Մինչ այս պահը հենց այդպես էլ գործել են։ Դա արդեն ապրելակերպ է: Ո՞վ լիներ, Մինասյանի հետևից չընկներ։ Եկել հերոս է պաշտպանում։ Հանցավոր ռեժիմի հերոսներին…

P.P.S.
Հուսով եմ Մհեր Արշակյանն ու թեմայով իսկապես մտահոգ մարդիկ թույլ չեն տա, որ ամեն ինչ այսքան էժանանա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում