«Մուտքը բացեք». Ոստիկանների պատնեշը թույլ չի տալիս ակտիվիստներին մուտք գործել կառավարության շենք (Տեսանյութ)

«Մուտքը բացեք». Ոստիկանների պատնեշը թույլ չի տալիս ակտիվիստներին մուտք գործել կառավարության շենք (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնող բնապահպան ակտիվիստներից հինգը փորձեցին մուտք գործել կառավարության շենք, սակայն ոստիկանների խումբը պատնեշ կազմեց ու թույլ չտվեց, որ նրանք մուտք գործեն կառավարության շենք։

«Հարգելի ոստիկաններ, սա մեր կառավարությունն է, թույլ տվեք, որ մուտք գործենք կառավարության շենք», – բարձրախոսով դիմելով ոստիկանների խմբին՝ հայտարարեց ցուցարարներից Անի Խաչատրյանը։

Այնուհետև հաջորդեցին «մուտքը բացեք» վանկարկումներ։ Ոստիկանության ծառայողները բարձրախոսով ճչացող ակտիվիստին հորդորում էին խոսել առանց էմոցիաների, առանց բարձր տոնի։ Նրանց ղեկավարը փոխանցեց, որ կառավարության նիստ է ընթանում և այս պահին շենք մուտք գործել հնարավոր չէ։

Ակտիվիստները ցանկանում են կառավարության նիստում ներկայացնել Ամուլսարի վերաբերյալ փորձագիտական եզրակացության իրական կողմը։

Նշենք, որ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարության անդամները կուսումնասիրեն փորձաքննությունը Ամուլսարի վերաբերյալ և կհանգեն վերջնական որոշման։

Հետևեք մեզ նաև Telegram-ում