Ինչու է Փաշինյանը «սորոսական» կառույցներին պետական ֆինանսավորում հատկացրել

Ինչու է Փաշինյանը «սորոսական» կառույցներին պետական ֆինանսավորում հատկացրել

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այսօր որոշում է կայացրել 33 միլիոն 680 հազար դրամ ծավալով դրամաշնորհ հատկացնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին։ Վերջիններս ցանկացել են սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնել, ինչն էլ կառավարությունը բավարարել է։ Որոշման ընդունումը հիմնավորելիս Փաշինյանը նշել է. «Ինչպես հայտարարել եմ՝ Հայաստանի կառավարությունը և անձամբ ես համարում եմ, որ ՀՀ-ն պետք է հավելյալ աջակցի, որ երաշխավորվի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը»։

Փաշինյանի պաշտոնական բացատրությանն այս պարագում չարժե լուրջ վերաբերել։ Որոշման մոտիվներն իրականում այլ են ու տեղավորվում են այսրոպեական զարգացումների կոնտեքստում։ Ամուլսարի հիմնախնդիրը բավականին լուրջ հարված հասցրեց Նիկոլ Փաշինյանի դիրքերին. եթե նախկինում Փաշինյանին ու նրա գլխավորած կառավարությանը քննադատում էին հիմնականում քաղաքական ընդդիմադիրներն (ինչից նա հեշտորեն խույս էր տալիս՝ դիմացիններին ռևանշիզմի մեջ մեղադրելով), ապա Ամուլսարի շուրջ զարգացումների ընթացքում քննադատության դրոշակը վերցրեցին անձինք և կառույցներ, ովքեր կանգնած են եղել Փաշինյանի կողքին և դժվար են տեղավորվում «հակահեղափոխական» որակման մեջ։ Նրանք հիմնականում ներկայացնում են հեղափոխությանը հարած քաղաքացիական կառույցների ու շարժումների թևը, որոնք առավել հայտնի են «սորոսական» անվամբ։

Այս առումով հատկապես անհրաժեշտ է ընդգծել «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին, որը հրապարակավ արմատական դիրքորոշում է արտահայտել Ամուլսարի վերաբերյալ։ Նույնը վերաբերում է նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը։ Ըստ որում՝ դիրքորոշումների տարբերությունն այն աստիճանի է, որ քաղաքացիական թևի կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Արսեն Խառատյանը, հրապարակավ փաստացի կոչ էր արել դուրս գալ «Իմ քայլը» դաշինքից և Կանաչների ֆրակցիա ստեղծել։ Եվ հասկանալի է, որ Փաշինյանը ներկայումս կարիք ունի «թարմացնել» համագործակցության ձևաչափն ու ալգորիթմը։ Ու բնական է, որ համագործակցության հակելու ավելի արդյունավետ միջոց, քան փողն է, չկա։

Չի բացառվում, որ սորոսականներին Արցախում դիտորդության գործուղումն այլ մոտիվներ էլ ունի՝ սկսած հեղափոխության մեջ ունեցած ներդրման համար երախտագիտությունից, մինչև Արցախի ներքաղաքական գործընթացների վրա ազդելը։ Բայց ակնհայտ է, որ հիմնական նպատակը գործընկեր կառույցներին ֆինանսական օժանդակությունն է։ Այս մասին վկայում է, առաջին հերթին, գումարի ծավալը։

Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը 2017թ. խորհրդարանական ընտրությունների դիտարկման նպատակով մոտ 8 ամիս տևած ծրագրի իրականացման համար ծախսել էր 57,6 մլն դրամ։ Եթե այս գումարը բաժանենք ամիսների, տեղամասերի, ընտրողների քանակի, թեկնածուների քանակի ու ընտրությունների քաղաքական նշանակության վրա, կստացվի, որ ընդամենը 20 օր հետո կայանալիք տեղական ընտրությունների համար 33,7 մլն-ը չափազանց մեծ գումար է։

Այստեղ կարևորն այն չէ, որ ՀՀ հարկատուների հաշվին փոխհատուցվում է վարչապետի և նրա գործընկեր-քննադատների համագործակցության ծախսերը։ Կարևորն այն է, թե ո՞ւմ է տրվում գումար, ինչ ֆորմատով և ինչ ռիսկեր կան։

Այս որոշմամբ ՀՀ կառավարությունը փաստացի հանդես է գալիս «Բաց հասարակություն» հիմնադրամը կամ Սորոսի ֆոնդի քաղաքական ազդեցության տակ գտնվող կառույցները ֆինանսավորողի դերում։ Հիմնադրամին այլ պետություններ ևս ֆինանսավորում են, բայց դա անում են միջնորդավորված՝ ֆոնդերի ու գործակալությունների միջոցով։ Հայաստանն աննախադեպ քայլի է գնացել. կառավարությունն ուղիղ ֆինանսավորում է կառույցների, որոնք ստրատեգիական դաշնակից երկրում պաշտոնապես համարվում են «օտարերկրյա գործակալ»։ Հուսալ, թե այս որոշումը Մոսկվայում ու Բաքվում կմնա աննկատ ու դրան չեն հետևի ոչ նպաստավոր զարգացումներ, քաղաքական կարճատեսություն է։

Դժվար է Փաշինյանին մեղադրել անհեռատեսության մեջ։ Ի վերջո, եթե խնդիր էր դրված ֆինանսական ինյեկցիա անել գործընկերներին, դա կարելի էր անել լուռ, անուղղակի գործիքով (դիցուք՝ որևէ հիմնադրամի միջոցով)։ Հետևաբար, սա հատուկ է արված։ Ինչ խնդիր է հետապնդում Փաշինյանն իր այս համարձակ էպատաժով, դժվար է կանխատեսել։

Հասկանալի է, որ աղմուկի դեպքում նա ֆեյսբուքում եթեր կմտնի ու կբացատրի, որ Արևմտյան երկրներում «հարգանք վայելող» այս կառույցների գնահատականը շատ կարևոր է և կարող է օգնել աշխարհին իրազեկելու Արցախի ժողովրդավարական ձեռքբերումների մասին։ Բայց համաձայնեք, որ չճանաչված երկրում երրորդական կարգի ընտրությունները (որոնք ոչ նախագահական են, ոչ էլ խորհրդարանական) Արևմուտքին դժվար թե հետաքրքրի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում