Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել մայրաքաղաք Ստեփանակերտում առաջացած ջրամատակարարման խնդիրների շուրջ:

ԱՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ զեկույցներով հանդես են եկել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը և Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ տնօրեն Մարտիկ Հայրապետյանը:

Երկրի ղեկավարն անթույլատրելի է համարել ներկայիս իրավիճակը և հանձնարարել հնարավորինս կարճ ժամկետում ձեռնարկել բոլոր միջոցները մայրաքաղաքի բնականոն ջրամատակարման վերականգնման ուղղությամբ:

Բակո Սահակյանն ընդգծել է մայրաքաղաքի ջրամատակարարման վերականգնման շտաբի գործունեության ակտիվացման և Ստեփանակերտի քաղաքապետարանում թեժ գծի շուրջօրյա աշխատանքի ապահովման անհրաժեշտությունը, որի միջոցով քաղաքացիները կտեղեկացվեն ջրամատակարարման հստակ ժամանակացույցի մասին:

Աշխատանքների համակարգման և միջոցառումների վերահսկողության իրականացումը հանձնարարվել է պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում