Նամակ համաքաղաքացուն։ Նոր աչքով նայենք մեր իրականությանը

Նամակ համաքաղաքացուն։ Նոր աչքով նայենք մեր իրականությանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Նախորդ երեկոյան որոշեցի մի քիչ զբոսնել քաղաքում։ Ամբողջ կիրակին հետաքրքիր ընթերցանության էի նվիրել, երեկոյան զգացի, որ օդափոխվելու, մի քիչ թարմանալու կարիք ունեմ։ Զանգեցի ընկերոջս, միասին իջանք Երևանի կենտրոնական փողոցներ՝ քայլելու։

Վաղուց նման բան չէի արել։ Սովորաբար երեկոներս անց եմ կացնում միևնույն սրճարանում, գրեթե միշտ նույն մարդկանց հետ։ Աշխատանքային օրվա ավարտին հավաքվում ենք այնտեղ, սուրճ խմում, քննարկում օրվա անցուդարձը ու գնում տներով։ Իսկ երեկ ահա քայլել ու մարդկանց տեսնել ուզեցի։ Ընտրեցի ամենամարդաշատ վայրերը և Սայաթ-Նովա – Թումանյան փողոցների խաչմերուկից գնացի դեպի «Ազատության» հրապարակ, հետո Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ, Վերնիսաժի այգի ու այդպես շարունակ։

Երկար ենք քայլել։ Հանգստանալ էի ուզում։ Չստացվեց։ Ցավոք չստացվեց։ Քաղաքն այլևս այն չէ, ինչ ես գիտեի։ Ինչպիսին սովոր էի տեսնել նրան այդ ժամերին։ Չեմ ուզում երկար պատմել, բայց կարճ կասեմ. ճանապարհին միասեռականների չորս (!) զույգ տեսանք` երկուսը արական սեռի, երկուսը՝ իգական։ Երեք տեղ հանդիպեցի փողոցը ռաբիզ երաժշտությամբ լցրած կլարնետ-դհոլչիների «անսամբլ»-ների։ Ամեն տեղ ադիբուդի, շաքարե բամբակ, արևածաղկի սերմեր ուտող կանանց ու աղջիկների, մարմնի զգալի հատվածները դաջվածքներով պատված ու նոր (երևի նորաո՞ճ) տիպի կարճ՝ ոտքերի ստորին հատվածները բաց թողնող տաբատներով տղաների։ Պարսիկ և հնդիկ զբոսաշրջիկներ (թե՞ արդեն բնակիչներ) ու նրանց սպասարկել ցանկացող մարմնավաճառներ… Ովքե՞ր են բոլոր այս մարդիկ։ Նրանք մի՞շտ էին ապրում այս քաղաքում։

Տեսած պատկերներից հոգնած՝ քայլեցինք դեպի Վերնիսաժի այգի՝ Գարեգին Նժդեհի արձանի շուրջը տեղադրված նստարաններին հանգստանալու։ Այստեղ մարդիկ քիչ էին՝ հեծանիվ քշող մի քանի երեխա, զբոսնող հատուկենտ զույգեր, որոշ զբոսաշրջիկներ ու… շուն պահողներ, որոնց կենդանիները վազվզում էին այգում մեջ, կեղտոտում գազոնների վրա, խմում մարդկանց համար նախատեսված պուլպուլակներից, միզում այգում տեղադրված խաչքարերի ու հուշարձանների վրա… Հա, մոռացա, նաև երիտասարդ՝ մոտ 20-22 տարեկան ոստիկաններ, ովքեր ծառերի մթի տակ երևի նստած դժբախտ պատահարների էին սպասում։ Այն, որ շները միզում են խաչքարերի վրա, նրանց քիչ էր հետաքրքրում։ Այսինքն՝ ընդհանրապես չէր հետաքրքրում։ Աչքները սովոր էին։

Սա արտաքին պատկերների նկարագրությունն էր։ Նույնը, բնականաբար, վերաբերվում էր նաև այս ամենի ներքին աշխարհին։ Եվ պետք է ասեմ, որ այդ ամենը չափազանց գարշելի է։

Հիմա հարց՝ ո՞վ է մեղավոր այս ամենի համար։ Քաղաքապետն ու քաղաքային իշխանությու՞նները։ Ոստիկանությու՞նը։ Կրթության նախարարությու՞նը։ Պարսկաստանի փակ համակա՞րգը։ Հայաստանում հասկի ցեղատեսակի շուն բազմացնողնե՞րը։ Խաչքար քանդակողնե՞րը։ Կլարնետ նվագողնե՞րը։ Ո՞վ։ Լուրջ հարց եմ տալիս՝ ո՞վ։

Ինչու՞ ենք մենք ապրում այսպիսի միջավայրում։ Երբևէ մտածե՞լ եք դրա մասին։ Ինչու՞ և ինչպե՞ս։

Համատարած այս անտարբերությանը պետք է վերջ տրվի։ Իհարկե, մենք հաճախ չենք մտածում այս ամենի մասին, բայց անթույլատրելի է, որպեսզի աչքներս սովորի վերոնկարագրված տեսարաններին ու երևույթներին։ Դա սպանում է մեզ նախ որպես քաղաքացի, հետո որպես քաղաքի բնակիչ, իսկ վերջում՝ որպես մարդ։ Համակերպվել չի կարելի։ Անգամ եթե այդ հիվանդությունը վաղուց է ապրում մեր մեջ։ Այն հաղթահարել է պետք ու այդ ճանապարհից մեզ ոչինչ չպետք է շեղի՝ ո՛չ օրվա խնդիրները, ո՛չ իշխանության գույնը, ո՛չ աղետներն ու դժբախտությունները։ Մարդն ամեն դեպքում պետք է բարեկիրթ մնա։ Ինչպես ասում էր Չեխովը՝ «Մարդու մեջ ամեն ինչ պետք է գեղեցիկ լինի. և՛ դեմքը, և՛ հագուստը, և՛ մտքերը»։

Մենք ունենք հրաշալի քաղաքներ, էլ ավելի լավ գյուղեր և այդ քաղաքների ու գյուղերի հիասքանչ բնակիչներ։ Պարզապես պետք է նմանվենք ինքներս մեզ։ Նոր աչքով նայենք մեզ շրջապատող իրականությանը, որպեսզի նկատենք այնտեղի բացասական երևույթները։ Մի օր որոշենք ու ապրենք այնպես, ինչպես վայել է բարեկիրթ, արժանապատիվ մարդուն։ Կարծում եք դժվա՞ր բան եմ ասում։ Հավատացեք՝ ոչ։ Մի օր պարզապես վերցրեք ձեր տան դիմաց հայտնված աղբը, կամ ջրեք այնտեղ աճող ծաղիկը և կտեսնեք, որ ամեն ինչ շատ հեշտ է ու հաճելի։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում