Նոր մանրամասներ Շենգավիթի փոխհրաձգությունից

Նոր մանրամասներ Շենգավիթի փոխհրաձգությունից

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, NEWS.am: NEWS.am–ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Շենգավիթում օգոստոսի 25-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Մեր տեղեկություններով՝ «Դոն Կիխոտ» ռեստորանի գլխավոր տնօրեն Գեւորգ Հովհաննիսյանը և «Մաքս» սուպերմարկետի սեփականատեր Սահակ Վարդանյանը տարաձայնություններ են ունեցել։ Դեպքի օրը՝ օգոստոսի 25–ին Հովհաննիսյանը Վարդանյանին հրավիրել է «Դոն Կիխոտ» ռեստորան՝ հարցեր պարզաբանելու։ Խոսակցությանը մասնակցել է թաղային հեղինակություն համարվող Համբարձում Առաքելյանը և այլ անձինք։

Վիճաբանությունը շարունակվել է դրսում և ավարտվել փոխհրաձգությամբ։ Մեր տեղեկություններով՝ տարածքում առկա տեսախցիկները ֆիքսել են կատարվածը։ Իրավապահներն այժմ փորձում են անհատականացնել միջադեպի մասնակիցների գործողությունները։

Նշենք, որ գործի շրջանակներում ձերբակալվել է «Դոն Կիխոտ» ռեստորանի գլխավոր տնօրեն, 44–ամյա Գեւորգ Հովհաննիսյանը։ Մեր տեղեկություններով՝ հարցաքննվել են բազմաթիվ անձինք, այդ թվում «Մաքս» սուպարմարկետի տնօրենը, որը սակայն դեպքի վայրում չի եղել։

Ավելի վաղ հայտնել ենք, որ ժամը 18:50-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի երկու բնակիչ՝ 43-ամյա Համբարձում Առաքելյանը և 59-ամյա Սահակ Վարդանյանը համապատասխանաբար՝ որովայնի ձախ կողմնային պատի հրազենային վնասվածք (կլինիկական մահ) և որովայնի ձախ ազդրի հրազենային վիրավորում, աջ ազդոսկրի ստորին երրորդականի հրազենային վիրավորում, աջ ազդոսկրի բազմաբեկոր կոտրվածք տեղաշարժով ախտորոշմամբ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց սպանության փորձը) կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք–զինամթերք պահելը): Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի որոշմամբ՝ կազմվել է քննչական խումբ:

Կատարվում է քննություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում