Հեղեղ՝ Մադրիդի փողոցներում

Հեղեղ՝ Մադրիդի փողոցներում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Իսպանիայի մայրաքաղաքում առատ տեղումներ են, փողոցները վերածվել են գետերի։ Տրանսպորտի տեղաշարժը խաթարվել է, ջուրը քշել է մեքենաները, խնդիրներով է աշխատում մետրոն և օդանավակայանը։ Եվրանյուզի հաղորդմամբ, պետական օդերևութաբանական գործակալությունը հայտարարել է ահազանգի «նարնջագույն» մակարդակ։ Մադրիդցիներն ասում են, որ զարմացած են, թե ինչ է կատարվում քաղաքում։ Այժմ նրանք հրշեջների հետ միասին փորձում են փողոցները կարգի բերել։

«Ես երբեք նման բան չեմ տեսել։ Երբեք։ Այո, եղել են փոթորիկներ, բայց նման բան երբեք չի եղել»,- ասել է Մադրիդի բնակիչներից մեկը։

Եղանակային վատ պայմաններից տուժել է երկրի 17 շրջանից 14-ը։ Օդերևութաբանները զգուշացնում են, որ ուժեղ անձրևները որոշ շրջաններում կարող են շարունակվել մինչև օգոստոսի վերջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում