Կոնստանտին Տեր-Նակալյանի և Արթուր Դանիելյանի դեմ հայցով դատական նիստը հետաձգվեց

Կոնստանտին Տեր-Նակալյանի և Արթուր Դանիելյանի դեմ հայցով դատական նիստը հետաձգվեց

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում քիչ առաջ ավարտվեց «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի՝ ընդդեմ «Ադեկվադ» կուսակցության համահիմնադիրներ Կոնստանտին Տեր-Նակալյանի, Արթուր Դանիելյանի և 5-րդ ալիք / 5 TV-ի դեմ քաղաքացիական հայցի քննությունը։

Դատական նիստի սկզբում կողմերը նշեցին, որ հաշտության եզրեր չեն տեսնում։ Գրիգոր Երիցյանի պաշտպանը զրպարտություն որակեց իր պաշտպանյալի վերաբերյալ Տեր-Նակալյանի այն պնդումները, որ նա ԼԳԲՏ քարոզչություն է իրականացրել Կոտայքի մարզի Կաթնաղբյուր գյուղի դպրոցում։

«Մեր հայցի առարկան երեք մասով է. հերքում նշված հեռուստաալիքի կողմից, հերքում Կոնստանտին Տեր-Նակալյանի և Արթուր Դանիելյանի կողմից, և երրորդ՝ հեռուստաալիքի կողմից կրկին հնարավորության ընձեռում՝ եթերում հրապարակային ներողության նպատակով», – ասաց պաշտպան Անահիտ Մկրտչյանը։

Պատասխանող կողմի փաստաբան Մհեր Հակոբյանն իր հերթին նշեց, որ իրենք առարկում են հայցի դեմ, քանի որ այն ամբողջությամբ անհիմն է։ Նա միաժամանակ տեղեկացրեց, որ փոստային ծառայության միջոցով հայցադիմումի պատասխան են ուղարկել հայցվոր կողմին։

Հայցվոր կողմի փաստաբանը, սակայն, հերքեց, որ իրենց ՀԿ-ի հասցեով ծանուցում են ստացել։

Հաշվի առնելով, որ հայցվոր կողմը չի ստացել պատասխանողի կողմից ուղարկված հայցադիմումի պատասխանը՝ դատկան նիստը հետաձգվեց մինչև նոյեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին։

Արթուր Դանիելյանը դատական նիստից հետո փորձեց ի նշան զղջման՝ Գրիգոր Երիցյանին ծաղկեփունջ նվիրել, սակայն վերջինս այն չվերցրեց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում